Հանրագիտարան

Հիմնադրվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը

ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ 1934 թվականի նոյեմբերին հիմնադրվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: Առաջին տարում ինստիտուտի երեք՝ հայոց լեզվի և գրականության, ֆիզիկամաթեմատիկական և պատմության ֆակուլտետներում սովորում էին շուրջ 100 ուսանողներ՝ մեծամասամբ դպրոցների երիտասարդ ուսուցիչներ:
Կազմավորման առաջին տարիներին Լենինականի միակ բարձրագույն ուսումնական հաստատությանն օգնության ձեռք մեկնեցին հանրապետության առաջատար բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բազմաթիվ գիտնականներ, որոնք իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանցում էին Լենինականի ուսանողությանը: 1949 թվականին կառավարության հատուկ որոշմամբ Լենինականի մանկավարժական ինստիտուտը կոչվեց հայ մեծ լուսավորիչ, դեմոկրատ Մ. Նալբանդյանի անունով: 
 
Ինստիտուտի գիտամանկավարժական բուռն գործունեության մեջ անգնահատելի ներդրում ունեն հանրապետության բազմաթիվ նշանավոր գիտնականներ: Տարբեր տարիներին ինստիտուտում դասախոսել են հայրենական գիտության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են ակադեմիկոսներ Էդ. Աղայանը, Ա. Ղարիբյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Շահինյանը, Գ. Սևակը, Գ. Ղարիբջանյանը և ուրիշներ: Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը Շիրակի դաշտավայրի խոշորագույն ուսումնագիտական և մշակութային կենտրոնն է:
 
2000 թվականի դեկտեմբերից ինստիտուտում գործում է հեռակա ուսուցումը, որը հնարավորություն է ընձեռում մի շարք մասնագիտությունների գծով պատրաստել մանկավարժներ՝ առանց արտադրությունից կտրվելու: Ինստիտուտն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 15000 շրջանավարտ: Նրանց մեծ մասը համալրել է հանրապետության, հատկապես՝ Շիրակի մարզի մանկավարժների շարքերը, ինստիտուտի շրջանավարտների մի ստվար մասն աշխատում է գիտության, գրականության, արվեստի և սպորտի բնագավառներում: 
 
Ինստիտուտում լուրջ աշխատանքներ են ծավալվում գիտական հետազոտությունների ուղղությամբ: Միջազգային համագործակցության շրջանակներում ինստիտուտը ձեռք է բերել որոշակի կապեր, լայն աշխատանք է ծավալել ուսանողական գիտական ընկերությունը: Ինստիտուտը հրատարակում է երկշաբաթաթերթ՝ «ԳՄԻ-ի լրաբեր»-ը: Լուրջ աշխատանքներ են իրականացնում ինստիտուտի մշակույթի կենտրոնը, մարզական ակումբը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: