Հանրագիտարան

Էդգար Շահին

Էդգար Շահինը (հոկտեմբերի 31, 1874թ. - մարտի 18, 1947թ.) մանկության տարիներին ապրել է Կոստանդնուպոլսում, սովորել է Գատըգյուղի (թաղամաս Կոստանդնուպոլսում) Մխիթարյան դպրոցում, 1890–1992թթ.-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1893թ.-ին մեկնել է Փարիզ, կատարելագործվել է Ժյուլիեն ակադեմիայում:
1896թ.-ից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», 1896 թ., «Փողոցի մի անկյուն», 1897 թ., «Շնչահեղձը», 1898 թ., «Անապաստանը», 1899 թ., «Փողոց Մոնմարտրում») մասնակցել է տարբեր ցուցահանդեսների: 1899թ.-ից նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում:
 
Առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման: 1901թ.-ին մասնակցել է Վենետիկի բիենալեին: 1900-ական թթ. փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ 1900թ., «Լաթահավաք կինը», 1901թ., «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ 1902թ., «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ 1903 թ., «Թխահերն ու շիկահերը», 1907թ., «Ընկած ձին», 1910թ.) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ:
 
Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները (օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա), սակայն նախընտրել է չոր ասեղի տեխնիկան, որը և հասցրել է կատարելության: 1905 թ.-ին և հետագայում Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլոնի աբբայարանը», 1915թ., «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921թ., «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», երեքն էլ 1922–1925թթ. և այլն):
 
Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի: 1930թ.-ին ուղևորվել է Բրետանի և Լա Մանշի ափեր, ստեղծել բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» և այլն): Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», Պողոս Նուբարի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և այլոց դիմանկարները: Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի, երկրորդ պլանում Անիի Հովվի եկեղեցին է:
 
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում: Ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր: Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր:
 
1928թ.-ին հեռակա կարգով ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ: 1936թ.-ին Երևանում, Թիֆլիսում, իսկ 1940թ.-ին Լենինգրադի Էրմիտաժ թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները: 1974, 1994 և 2004 թթ.-ին Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ:
 
Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում: Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: