Հանրագիտարան

Առաջին անգամ հանրության առաջ իր դռներն է բացում Լուվրը

Լուվրը (ֆրանս.՝ Palais du Louvre) նախկինում ֆրանսիական թագավորական պալատ էր: Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ Սենա գետի և Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը:

Մինչ թանգարանի վերածվելը և 1793 թվականի օգոստոսի 10-ին հանրության առջև իր դռները բացելը, Լուվրը ծառայել է որպես թագավորական դղյակ, իսկ ավելի վաղ՝ 12-րդ դարում, կառույցը ծառայել է որպես մարտական ամրոց:

 

1983թ. Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նապոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը: Նախագծումն իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը:

 

Համալիրը կառուցված է ապակե կտորներից: Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ է, իսկ հատակը՝ 35,42 մ2:  Հանդիսավոր բացումը կայացել է 1989թ. մարտի 30-ին։ Բուրգի կառուցման առիթը 1789թ. Ֆրանսիական Մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր։

 

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ`   սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848թ., Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք:

 

Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են`   նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբանական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և այլն:

 

Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ «Միլոսյան Աֆրոդիտեն», Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան», Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: