Հանրագիտարան

Շվեյցարիայում հիմնադրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հիմնադրվել է գրեթե մեկուկես դար առաջ որպես արձագանք պատերազմում առկա ցավալի իրողության։ Այս կառույցը ձգտում է պատերազմի թոհուբոհում պահպանել մարդկայնության և մարդասիրության սկզբունքները։
Այս սկզբունքով մշակված կանոնների համակարգը, որը հավատարմագրել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, հայտնի է որպես միջազգային մարդասիրական իրավունք, որի հիմնաքարը դրվել է Ժնևի կոնվենցիաներում։ ԿԽՄԿ-ին վերապահված յուրահատուկ դերը ամրագրված է մարդասիրական իրավունքի զանազան փաստաթղթերով։
 
ԿԽՄԿ-ն ստեղծվել է մեկ մարդու`   Անրի Դյունանի վճռականության ու հեռատեսության շնորհիվ։ 1859 թվականի հունիսի 24-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Սոլֆերինո քաղաքի շրջակայքում ավստրիական և ֆրանսիական զորքերը կատաղի ճակատամարտի էին բռնվել։ Օրվա ավարտին սպանված և վիրավոր 40 հազար զինվոր անօգնական ընկած էին ռազմի դաշտում։ 
 
Բժշկական ծառայությունները անկարող էին հոգ տանել բոլորի մասին՝ իրենք էլ լինելով անպաշտպան։ Այդ երեկո Անրի Դյունանն իր գործերով անցնում էր այդ վայրերով։ Նրան ցնցում է այն ամենը, ինչ տեսնում է։ Դյունանը կոչ է անում տեղի բնակչությանը օգնել իրեն խնամելու վիրավորներին`   միաժամանակ պնդելով, որ երկու կողմերի զինվորներին պետք է վերաբերվեն նույն հոգածությամբ։ 
 
Վերադառնալով Շվեյցարիա՝ Դյունանը հրապարակեց իր «Հուշեր Սոլֆերինոյի մասին» գիրքը, որը պարունակում էր երկու հիմնական գաղափար.
 
. խաղաղ ժամանակ ստեղծել օգնության միություններ, որոնցում ընդգրկված բուժքույրերը պատրաստված կլինեն պատերազմական իրավիճակում օգնություն ցույց տալու վիրավորներին,
 
. կնքել միջազգային պայմանագիր այն կամավորների ճանաչման ու պաշտպանության վերաբերյալ, որոնք կզինվորագրվեն բանակի բուժծառայությանն օժանդակելու համար։
 
1863թ. Ժնևի Հասարակական բարեկեցության բարեգործական կազմակերպությունը հիմնեց հինգ հոգուց բաղկացած կոմիտե՝ քննարկելու այն հարցը, թե ինչ եղանակով կարելի է իրագործել Դյունանի մտահղացումները։ Այդ կոմիտեն, որի կազմում էին Գուստավ Մուանիեն, Գիյոմ-Անրի Դյուֆուրը, Լուի Ապիան, Թեոդոր Մոնուարը և Դյունանը, հիմնեց Վիրավորների օգնության միջազգային կոմիտե, որն էլ հետագայում դարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)։
 
Դրանից հետո Կոմիտեի հինգ հիմնադիրների կոչերին ի պատասխան՝ 16 երկրներ ու չորս բարեգործական հաստատություններ իրենց պատվիրակներին ուղարկեցին մասնակցելու 1863 թվականի հոկտեմբերի 26-ին Ժնևում կայացած միջազգային համաժողովին։ Հենց այդ համաժողովում էլ ընդունվեց սպիտակ հիմնապաստառի վրա կարմիր խաչը պատկերող տարբերանշանը (հիմնապաստառի գույները Շվեյցարիայի ազգային դրոշի հակառակ գույններն են)։
 
Մարտի դաշտում բժշկական ծառայությունների պաշտպանությունն օրինականացնելու և Կարմիր խաչի միջազգային ճանաչումն ապահովելու նպատակով 1864 թվականին Շվեյցարիայի կառավարությունը Ժնևում հրավիրեց դիվանագիտական համաժողով։ Համաժողովին մասնակցող 12 երկրների կառավարությունների ներկայացուցիչներն ընդունեցին մի փաստաթուղթ:
 
Վերջինը կոչվում էր «Ժնևի կոնվենցիան գործող բանակներում վիրավոր զինվորների վիճակի բարելավման մասին»։ Այդ փաստաթուղթն էլ դարձավ մարդասիրական իրավունքի առաջին դաշնագիրը։ Հետագայում անցկացվեցին մի շարք այլ համաժողովներ, որոնք ընդարձակեցին հիմնական օրենքը՝ ընդգրկելով պատերազմում տուժածների այլ դասակարգումներ, օրինակ`   ռազմագերիները։ 
 
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դիվանագիտական համաժողովը չորսամսյա քննարկումներից հետո ընդունեց 1949 թվականի ժնևյան չորս կոնվենցիաները, որոնցով ամրագրվում էր քաղաքացիական ազգաբնակչության պաշտպանությունը պատերազմի պայմաններում։ 1977թ. այդ պայմանագրերը համալրվեցին երկու լրացուցիչ արձանագրություններով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: