Հանրագիտարան

Մայր Թերեզայի օր (Ալբանիա)

Մայր Թերեզան (ամբողջական անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը՝ Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ. Agneze Gonxhe Bojaxhiu) կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության շքանշան»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին:
Հոկտեմբերի 19-ին ալբանացիները նշում են Մայր Թերեզայի՝ երանելիների շարքը դասվելու օրը: Այդ օրն Ալբանիայում համարվում է ազգային տոն:
 
Մայր Թերեզան Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել (1979թ.): Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը:
 
Թերեզա անունն ստացել է 1931 թվականին ի պատիվ 1927 թվականին սրբերի շարքը դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
 
Մայր Թերեզայի թեզերն են՝
 
1. Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն, միևնույն է, ներեք նրանց:
 
2. Եթե դուք բարություն եք գործել, և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ ու եսասիրական մտադրությունների մեջ, միևնույն է, բարություն գործեք:
 
3. Եթե դուք հաջողության եք հասել, ապա ձեր կողքին կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողություն:
 
4. Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ և անկեղծ:
 
5. Այն, ինչը տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել:
 
6. Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացեք երջանիկ:
 
7. Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարիք գործեք:
 
8. Տվեք աշխարհին ձեր ունեցած ամենալավը, և դա կարող է բավարար չլինել, միևնույն է, տվեք աշխարհին ձեր ունեցած ամենալավը: Ի վերջո դուք կհասկանաք՝ այդ ամենը երբեք չի կատարվել ձեր և մարդկանց միջև, այդ ամենը միշտ կատարվել է ձեր և Աստծո միջև:
 
9. Կարևոր չէ՝ ով և ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը:
 
10. Աղոթեք միասին և մնացեք միաբան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: