Հանրագիտարան

Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը

16-17 դարերի ժամանակաշրջանի լուսավոր կետերից էր հայ տպագրական գործի խթանումը Ոսկան Երևանցու կողմից։ Այդ գործը նրա վրա դրվեց Ծարեցու մահվանից հետո, բայց նա էլ իրենից առաջ ուղարկեց Կարապետ Ադրիանեցուն։ Ոսկանը, չնայած Երևանցի էր կոչվում, ծնվել էր Սպահանում՝ 1614 թվին, նախապես աշակերտել էր Խաչատուր Կեսարացուն, Մովսես կաթողիկոսի օրոք եկել էր Էջմիածին, հետո վերադարձել էր Սպահան և Փիլիպոս կաթողիկոսի օրոք ծառայության էր հրավիրվել Մայր Աթոռ:
Նա մտերմացել էր Պողոս Փիրոմալի լատին կրոնավորի հետ, որը գտնվում էր Էջմիածնում, և նրանից սովորել լատիներեն լեզուն։ Ինքն էլ իր հերթին նրան հայերեն էր սովորեցրել։ Երկուսն էլ լավ չէին սովորել այդ լեզուները, սակայն թարգմանություններ էին կատարում։ Անգամ հանդգնեցին «Աշխարհացոյց»-ը թարգմանել։ 
 
Փիրոմալին 1638-ին վերադարձավ Հռոմ և հայոց կաթողիկոսի փափագը կատարելու համար ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի թարգմանությանը, բայց դա նրան չհաջողվեց, և պապական գրաքննությունն անգամ նրան թույլ չտվեց այն հրատարակել։ 1642-ին նա նորից եկավ Էջմիածին և Ոսկանի հետ համագործակցեց՝ հայերեն Աստվածաշունչը հրատարակելու համար, սակայն միշտ ձգտելով հայերեն օրինակը լատինականի հետ ձուլել։ 
 
Երբ Հակոբ կաթողիկոսը Ոսկանին ձեռանդրեց եպիսկոպոս ու Արևմուտք ուղևորեց, նպատակը Աստվածաշնչի տպագրությունն էր։ Իսկ Ոսկանի ձեռքին այդ բռնազբոսնյալ օրինակն էր։ Նա սկզբում գնաց Լիվոռնո, ուր գտնվում էր նրա եղբայր Ավետիսը, որը Ոսկանին փոխանցեց Ծարեցուց մնացած Ամստերդամի տպարանը։ Նա հայ վաճառականներ Ստեփանոս Խանենցից, Թեոդորոս Քթրեչենցից և Պետրոս Տեր-Ավագենցից անհրաժեշտ գումար հավաքեց։
 
Տպագրությունն իրականացնելուց հետո նրանք պետք է իրենց գումարը ետ ստանային, իսկ շահը բաժանեին Էջմիածնի, Երուսաղեմի ու Ուշիի վանքերի վրա։ Այդ ոգով պայմանագիր էլ կնքվեց։ Ոսկանը 1663-ին եկավ Ամստերդամ և ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի տպագրությանը։ Նա նոր տառեր, զարդեր և պատկերներ պատվիրեց։ Այդ ընթացքում նա ուրիշ հրատարակություններ էլ կատարեց։ Աստվածաշնչի տպագրությունն սկսվեց 1666-ին, բայց մինչ այդ Ոսկանի կողմից Լվով է գալիս Վարդան աբեղան և առաջարկում տպարանը Լվով տեղափոխել։ Գալանոսը փորձում է դրան ընթացք տալ, քանի որ Ոսկանին բերելով Լվով՝ նոր հարված էր տրվում հայադավանությանը։ Սակայն Ոսկանը դրան չի պատասխանում և շարունակում է իր գործը Ամստերդամում։ Նույնիսկ Փիթուն կասկածում է, որ Ոսկանն իր միտքը փոխել է՝ իրենց Լվովում գտնվելու պատճառով։
 
Աստածաշնչի տպագրությունն ավարտվեց երկու տարում՝ 1668 թվականին։ Դա առաջին հայերեն Աստվածաշունչն էր։ Այն իր նախորդ հրատարակությունների համեմատությամբ գերազանց գործ էր, սակայն լավը չէր տպագրության բնագիրը։ Այն աղավաղումն էր նախնի ընտիր թարգմանության։ Հնարավոր է, որ այն Փիրոմալիի հետ կազմած օրինակն էր, չնայած չի բացառվում, որ դրա հեղինակը հենց Ոսկանն էր։ 
 
Հրատարակվածը մեծ փոփոխություններ ուներ, ինչը որ անտեղի էր, ոչ թույլատրելի։ Արդեն իր ժամանակին այդ փոփոխությունների համար նա քննադատվել է խղճմիտ բանասերների կողմից։ Այսուհանդերձ այն տարածվեց ամենուր, և նրա հիման վրա են տպագրված Պետրոս Լատինացու Կ. Պոլսի՝ 1705 թվականի, Մխիթար Սեբաստացու Վենետիկի՝ 1733 թվականի նոր տպագրությունները՝ չհաշված Նոր Կտակարանի հիշատակարանները։ Շատերը հարեցին Ոսկանի հրատարակությանը, մինչեւ որ 1805-ին Վենետիկում Հովհաննես Զոհրաբյան վարդապետը հրատարկեց Աստվածաշունչը՝ ըստ նախնյաց թարգմանության։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: