Հանրագիտարան

Թոմաս Էդիսոն

Թոմաս Էդիսոնը ծնվել է 1847թ.-ի փետրվարի 11-ին: 10 տարեկանից Թոմասն արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում: Դրանց համար դրամ էր հարկավոր, և պատանին լրագրավաճառ է դառնում: Բեռնատար վագոնում նա լաբորատորիա է սարքավորում և սկսում փորձեր անել: Բայց շատ չանցած՝ լաբորատորիայում հրդեհ է բռնկվում, և վագոնն այրվում է:
Շուտով Էդիսոնն ստեղծում է Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ մեկին չի հետաքրքրում: Երկրորդ հայտնագործությունը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր:
 
1869թ.-ին Էդիսոնն իր հայտնագործած հեռագրության սկզբունքների համար ստանում է դրամական խոշոր պարգև: Այդ գումարով նա սարքավորում է հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»:
 
Էդիսոնը սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն: Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկն առաջին ձայնի գրանցման և վերարտադրման սարքն էր՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877թ.-ին:
 
Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաարդյունաբերությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա և տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը: Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր նաև էլեկտրական լամպի կատարելագործմամբ:
 
Նա ստեղծում է արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն էր: Դրան հաջորդում է իսկական հեղափոխությունը՝ նա հայտնագործում է լամպի թելիկի համար ամենահարմար նյութը՝ վոլֆրամը:
 
Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերում է, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում: Նա թեև չկարողացավ բացատրել դա, սակայն մենք այժմ գիտենք, որ այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ:
 
Այդ երևույթն ստանում է «Էդիսոնի էֆեկտ» անունը: Այս հայտնագործության շնորհիվ ստեղծվում է էլեկտրոնային ռելեն (օգտագործվում էր մինչև տրանզիստորների և միկրոչիփերի երևան գալը) և այն, ըստ էության, դառնում է ժամանակակից ողջ էլեկտրոնիկայի հիմքը:
 
1882թ.-ին Էդիսոնը կառուցում է աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը: Նա մշակում է մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծում հզոր գեներատորներ: Էդիսոնը բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում: Մահացել է 1931թ.-ի հոկտեմբերի 18-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: