Հանրագիտարան

Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990թ. մեծամասնական ընտրակարգով երկու փուլով (260 պատգամավոր)։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ`   Կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։
Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։
 
1990թ. օգոստոսի 4-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
 
1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։
 
ԱԺ-ում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.)։ 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.)։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: