Հանրագիտարան

Խաչատուր Աբովյանը բարձրացավ Արարատի գագաթը

Հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809թ.։ Եղել է նահապետական նշանավոր մի ընտանիքի զավակ:
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814թ. տանում են Էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ Էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։
 
1823թ. մտնում է Ներսիսյան դպրոց, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում սովորելուց հետո՝ 1826թ., վերադառնում է հայրենիք։ Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
 
1829թ.-ի հոկտեմբերի 9-ին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցել այդ գիտական արշավին որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: