Հանրագիտարան

Հայկական ԶՈՒ-ն ազատագրեց Լաչինի և Ղուբաթլուի շրջանի մի քանի գյուղեր

1992թ. օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր ստորագրեց 1991-92թթ. բանակից բոլոր զորացրվածների զինակոչի, ինչպես նաև զինված ուժերի շարքերում գտնվողների ծառայության ժամկետի երկարաձգման մասին: Ագրեսիայի ծավալների ընդլայնման կապակցությամբ և տարածքների հետագա զավթումը կանխելու համար պաշտպանության կատարելագործման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի վերակազմակերպման անհրաժեշտություն ծագեց:
Այդ նպատակով ԼՂՀ նախագահությունը օգոստոսի 12-ին նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի ղեկավարությամբ որոշում ընդունեց հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին: Սկսվեց 18-ից մինչև 45 տարեկան տղամարդկանց զորահավաքը: Օգոստոսի 15-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), որին տրվեց գործադիր լիիշխանություն և մասամբ էլ`   օրենսդիր իշխանություն: 
 
ՊՊԿ-ն, որի նախագահը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, կոչված էր կենտրոնացնելու մարդկային և նյութական պաշարները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, հասարակական-քաղաքական ողջ ներուժը համապատասխանեցնել ռազմական ժամանակին:
 
Ինքնապաշտպանության անջատ-անջատ և ինքնավար գործող ջոկատները միասնական հրամանատարության ներքո միավորելու և կանոնավոր բանակ ստեղծելու նպատակով ամենասեղմ ժամկետներում իրականացվեց զինված ուժերի կառուցվածքային վերակազմավորում:
 
Մինչդեռ ռազմաճակատի տարբեր հատվածներում դաժան մարտեր էին ծավալվում: Միաժամանակ շարունակվում էին ադրբեջանական օդուժի հարձակումները քաղաքացիական բնակավայրերի վրա: Օգոստոսի 18-ին Ստեփանակերտի վրա նետվեցին գնդիկավոր ռումբեր, որոնց կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ արգելված է միջազգային իրավունքով: Հաջորդ օրերին ռմբակոծվեցին նաև Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերը:
 
Ամռան վերջին առավել լարված տեղամաս էր ռազմաճակատի Մարտակերտի ուղղությունը: Օգոստոսի 26-ին հակառակորդին մեծ կորուստների գնով հաջողվեց տիրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտ-Քելբաջար ավտոմայրուղուն: Մարտակերտի ուղղության վրա գործող սակավաթիվ ղարաբաղյան ուժերը հայտնվեցին ծանր վիճակում: 
 
Զորքերի ամրացման նպատակով ռազմաճակատի այդ հատվածում կատարվեց ուժերի վերախմբավորում, որի շնորհիվ ղարաբաղյան կազմավորումներին հաջողվեց սեպտեմբերի սկզբներին կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, իսկ Ասկերանի ուղղությամբ`   անցնել հակահարձակման և ազատագրել այդ շրջանի մի շարք գյուղեր: Նույն ժամանակաշրջանում պարտիզանական շարժում ծավալվեց լրիվ զավթված Շահումյանի շրջանում:
 
Ադրբեջանական զորքերը սեպտեմբերի վերջին տասնօրյակում երկու անգամ փորձեցին կտրել Լաչինի մարդասիրական միջանցքը, բայց կանգնեցվեցին նրանից 12 կմ հեռավորության վրա, ապա ետ շպրտվեցին: Հոկտեմբերի 11-ին ղարաբաղյան ուժերը հակահարձակման անցան միջանցքի հարավում`   դուրս գալով Ղուբաթլուի շրջանի սահմանների մոտ:
 
1992թ. նոյեմբերին ԼՂՀ բանակը Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելքում ծավալած հակահարձակողական գործողությունների ընթացքում հսկողության տակ վերցրեց Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղին: Մի ամբողջ ամիս Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով կատաղի կռիվներ էին մղվում: 1992թ. վերջերին ռազմաճակատի ամբողջ գծի երկարությամբ նկատվում էր մարտական գործողությունների ակտիվության նվազում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: