Հանրագիտարան

Ռուսական զորքերը գրավում են Բայազետը

Բայազետն իբրև ամուր բերդաքաղաք XIX դարում և XX դարի սկզբներին միշտ եղել է ռուս–թուրքական հարաբերությունների կիզակետում։ Այն 1828-1914 թվականների ընթացքում ռուսների կողմից չորս անգամ ազատագրվել է թուրքական լծից, բայց նորից է հետ վերադարձվել Թուրքիային։ Առաջին ազատագրումը տեղի է ունեցել 1828 թվականին, երբ ռուսական զորքերը, օգոստոսի 28-ին ջախջախելով թուրքական կայազորի պետ քուրդ Բահլուլ փաշային, գրավում են քաղաքը։ Բայազետի համար մղված այդ մարտերում քաջաբար կռվել են նաև Բայազետի Մելիք-Մարտիրոսի 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատի զինվորները։ Ադրիանապոլսի պայմանագրով (1829թ.), սակայն, Բայազետը շուտով վերադարձվում է Թուրքիային։
Երկրորդ անգամ ազատագրվել է Արևելյան պատերազմի ժամանակ։ 1854 թվականի հուլիսի 17-ին Չինգլի լեռնանցքում (Մեծ Մասիսից հյուսիս-արևմուտք) ռուսական զորքերի երևանյան ջոկատը թուրքական 20000-ոց բանակը ջախջախելուց հետո անմիջապես գրավում է Բայազետը, որը հետո այն նորից անցնում է Թուրքիային։
 
Բայազետը երրորդ անգամ ազատագրվել է ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմի ժամանակ։ 1877թ. ռուսական բանակի հայազգի զորավար Ա. Տեր-Ղուկասովն առանց կռվի քաղաքը գրավել է թուրքերից։ Նույն թվականին օգտվելով զորավարի բացակայությունից՝ թուրքական զորքն ու խառնիճաղանջ մի հսկայական ամբոխ հարձակվում և հունիսի 6-29-ն ավերում է քաղաքը ու նրա բերդը պահում պաշարված դրության մեջ։ 
 
Նրանք գրեթե ամբողջովին կոտորում են քաղաքի հայ բնակչությանը և ամայացնում բազմաթիվ թաղամասեր։ Ավազակային այդ հարձակումն է, որ այնքան վարպետությամբ նկարագրված է մեծ վիպասան Րաֆֆու «Խենթ» վեպում։ Բեռլինի 1878թ. պայմանագրով Բայազետը դարձյալ վերադարձվում է Թուրքիային։
 
Ռուսական զորքերի կողմից այն չորրորդ անգամ ազատագրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ`   1914 թվականին, և 3-4 տարի փաստորեն մտնում էր ռուսական պետության մեջ։ Սակայն 1918թ. թուրքերն այն հետ են վերցնում՝ տեղահանելով կամ իսպառ ոչնչացնելով նրա հայ բնակչությանը։
 
Ներկայումս Բայազետը թուրքերով ու քրդերով բնակեցված գավառական տիպի փոքրիկ քաղաք է, որի տնտեսության ճյուղերը կազմում են անասնապահությունը, բրդի ու կաշվի մշակությունը, կարպետագործությունը, մանրածախ տեղական առևտուրն ու մասամբ արհեստագործությունը։
 
Բայազետը երբեք բազմամարդ քաղաք չի եղել։ Նրա բնակչության թիվը համեմատաբար մեծ է եղել XVII-XVIII դարերում։ Այսպես, XVIII դարի կեսերին այն ուներ 2000 տուն՝ մոտավորապես 10-12 հազար հայ բնակիչներով, իսկ 1812 թվականին նրա ամբողջ բնակչությունը հասնում էր մոտավորապես 12 հազար մարդու, որի մեծ մասը դարձյալ կազմում էին հայերը։
 
Հայերը, թուրքական բռնություններից նեղվելով, պարբերաբար գաղթել են Արևելյան Հայաստան։ Նրանք ամենամեծ զանգվածով գաղթել են 1829 թվականին և հիմնականում բնակություն հաստատել նախկին Գավառում, որը նրանք իրենց հայրենի քաղաքի անվամբ կոչեցին Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)։
 
Բայազետի հայ բնակչությունը զբաղվում էր առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Առևտրական առումով Բայազետի նշանակությունն առանձնապես մեծացել էր XVIII-XIX դարերում։ Այստեղից արտահանվում էին ծխախոտ, ձավար և այլ ապրանքներ։
 
Քաղաքի մոտ 200-ի հասնող խանութների ու կրպակների մեծագույն մասը պատկանում էր հայերին։ Քաղաքն ուներ իր շուկան և իջևանատունը։ Բայազետով էր անցնում Թավրիզ-Էրզրում-Տրապիզոն քարավանային ճանապարհը, որն անշուշտ նպաստում էր նրա և՛ ներքին, և՛ արտաքին առևտրի զարգացմանը։
 
Մինչև 1877 թվականը Բայազետում կար 3 եկեղեցի՝ սուրբ Աստվածածին (VIIդ.), սուրբ Կարապետ, որ մի քանի անգամ վերանորոգվել էր XVIII-XIX դարերում, սուրբ Ծիրանավոր, մեկ ժամ`   սուրբ Գրիգոր անունով, որը XIX դ. վերջերին կիսավեր էր, երեք ուխտատեղի, ինչպես նաև 3 մզկիթ։ Դրանցից բացի, քաղաքի հարավարևմտյան մասում պահպանվել էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները։
 
XIX դարի երկրորդ կեսում Բայազետում կային խալֆայական մի քանի դպրոցներ։ Դրանցից բացի՝ 70-80-ական թվականներից գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որը XX դարի սկզբներին ուներ 200 հայ աշակերտ-աշակերտուհիներ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: