Հանրագիտարան

Կայացավ Ուրֆայի հայերի գոյամարտը

1915թ.-ի ամռան կեսին Ուրֆա եկան երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու հայության տեղահանությունը: Ձերբակալելով քաղաքի հայ երևելիներին՝ նրանք բնակիչներից պահանջեցին 48 ժամում հանձնել զենքերը:
Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորեց հայերին (շուրջ 400 մարդ): Ուրֆահայերը դիմեցին ինքնապաշտպանության: Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ ստեղծվեց Զինվորական խորհուրդ: Ինքնապաշտպանները 800 հոգի էին, ըստ այլ աղբյուրների՝ 2 հզ.: Շուրջ 200 կանանցից և աղջիկներից կազմվեց մարտական 3 ջոկատ:
 
Ուրֆայի հերոսամարտի համար բացառիկ նշանակություն են ունեցել հայկական թաղամասի բարձր դիրքը, նեղ փողոցները, քարաշեն ամուր տները: Թաղամասը ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանի՝ 32 դիրքով, փակվել են թաղամաս տանող փողոցների մուտքերը:
 
Հերոսամարտն սկսվել է սեպտեմբերի 29-ին (30-ին): Մինչև թուրքական կանոնավոր բանակի հասնելը, իշխանությունները ոտքի են հանել քաղաքի և շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը, հիմնականում՝ քրդերին:
 
Հոկտեմբերի 1-ին թշնամին անցել է հարձակման և, տալով 800 սպանված, նահանջել: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին, Զինվորական խորհուրդը վճռել է կազմակերպված նահանջել, հնարավորություն չտալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա շրջապատել և անակնկալ գրոհով ոչնչացնել թշնամուն:
 
Ամբոխը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել կողոպուտը: Սակայն հայ մարտիկները հարձակվել են և ոչնչացրել նրանցից 1200-ին: Նման ծանր կորուստներից հետո իշխանություններն սկսել են հայկական թաղամասի հրետակոծումը: 
 
Հոկտեմբերի 4-5-ը Հալեպից Ուրֆա են փոխադրել մոտ 6 հզ. զինվոր, թնդանոթներ և գնդացիրներ: Հոկտեմբերի 5-ին թուրքական բանակը և մահմեդական խաժամուժն անցել են հարձակման, սակայն լուրջ հաջողության չեն հասել: Հակառակորդը հրետանու շնորհիվ աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը:
 
Հերոսամարտի ավարտին հայկական թաղամասի 2300 տնից կանգուն էր մնացել միայն 50-ը: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը: Հարձակումները հետ են մղվել հակառակորդի համար ծանր կորուստներով:
 
Հրետանին քարուքանդ է արել հայկական բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու համար ավելի հարմար այլ շինություններում: 
 
Հոկտեմբերի 19-ին թուրքերին հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը և մեկը մյուսի հետևից գրավել դիրքերը: Ի վերջո, հոկտեմբերի 23-ին թշնամուն հաջողվել է ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները, թաքնվելով փլատակներում, նկուղներում, կռվել են մինչև նոյեմբերի կեսը:
 
Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը, հակառակորդի ձեռքը չընկնելու համար ինքնասպան են եղել: Մոտ 15 հզ. հայ, հիմնականում`   կանայք և երեխաներ, աքսորվել է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: