Հանրագիտարան

Թահմազ-Ղուլի խանը գրավեց Երևանը

Երևանի գրավումը 1735թ. սեպտեմբերի 22-ին և թուրք-պարսկական հաշտությունը քաղաքական ասպարեզում հանգեցնում են նրան, որ սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված սեֆևյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան։
Սեֆևյան պետության հիմնադիր Շահ-Իսմայիլ I-ը (1502-1524թթ.), թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով, XVI դարի սկզբներին տեր է դառնում մի հսկայական երկրի։ Նրա հիմնած աշխարհակալ պետության մեջ մտնում են Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը: Այդ նույն ժամանակ հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը XV դարի վերջերին իր սահմանն արևելքում հասցրեց մինչև Եփրատ գետը՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ 
 
Սկսած այդ ժամանակներից`   Հայաստանը մոտ 225 տարի դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, պատերազմներ, որոնք մղվում էին Հայաստանի և նրա հարևան շրջանների գրավման նպատակով։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմների կարևորագույն կիզակետերից մեկը Երևանն էր՝ Արևելյան Հայաստանի ամենանշանավոր կենտրոնն ու բերդաքաղաքը։
 
Թուրք-պարսկական այդ երկարաձիգ պատերազմների ընթացքում Երևանը բազմիցս ենթարկվել է պաշարման, ավերվել ու անցել ձեռքից ձեռք։ Մի քանի անգամ Երևանը վերածվել է ավերակների, նրա բնակչության հսկայական զանգվածները ոչնչացել կամ հարկադրված են եղել թողնել իրենց հայրենի քաղաքը և դիմել փախուստի թշնամուց համեմատաբար զերծ մնացած վայրերում ապաստան գտնելու համար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: