Հանրագիտարան

Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման համար: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:
Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր: 1939թ.-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 3-ին Անգլիան ու Ֆրանսիան, ապա նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: 
 
Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939թ.-ի սեպտեմբերի 17-ին զորքերը մտցրեց Լեհաստան և 12 օրում առաջ շարժվեց 250-300 կմ, գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920թ.:
 
1939թ.-ի նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան համապատասխանաբար՝ Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ: 1941թ.-ի առաջին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր ֆաշիստական խմբավորումից: 1940-41թթ. պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում:
 
Թեև 1939թ.-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940թ.-ի վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու «Բարբարոս» ծածկանվամբ իր պլանը: 1941թ.-ի դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և օդուժը հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիների ամերիկյան Փիրլ Հարբոր ռազմածովային հենակայանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների խաղաղօվկիանոսյան տիրույթների վրա:
 
Հաջորդ օրն ԱՄՆ-ն և Անգլիան պատերազմ հայտարարեցին Ճապոնիային: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Գերմանիան և Իտալիան: ԱՄՆ-ն իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց: Մինչև 1942թ.-ի գարունը ճապոնացիները գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան: 1941թ.-ի վերջերից 1942թ.-ի կեսերը ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիա (միություն), որի առանցքը ԽՍՀՄ-ն, ԱՄՆ-ն և Անգլիան էին:
 
Պատերազմի ավարտին կոալիցիայում կար ավելի քան 50 պետություն: 1944թ.-ի հունիսի 6-ին, ի վերջո, բացվեց երկրորդ ճակատը: Գեներալ Էյզենհաուերի (ԱՄՆ) գլխավորությամբ անգլիական և ամերիկյան զորքերը հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ: Օգոստոսի 19-ին Փարիզում սկսված հակաֆաշիստական ապստամբությունը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով: 1945թ.-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը:
 
Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943թ. դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը:
 
Խորհրդային կառավարության որոշմամբ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր: 1945թ.-ի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) գումարվեց հակահիտլերյան կոալիցիայի 3 տերությունների երրորդ խորհրդաժողովը:
 
Օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1-միլիոնանոց կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան անձնատուր եղավ: Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց:
 
Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ, ըստ որում՝ 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ/2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ:
 
Վիթխարի էին նյութական կորուստները: 1945-46թթ. Նյուրնբերգի դատարանը հիտլերյան հանցագործներին մահվան դատապարտեց: Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939թ.-ի սեպտեմբերի 1 - 1945թ.-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: