Հանրագիտարան

Թագուհի Հակոբյան (Հասմիկ)

Հայ դերասանուհի Հասմիկը (իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Հակոբյան) ծնվել է 1878թ. մարտի 21-ին Հին Նախիջևանում՝ մանր առևտրականի ընտանիքում: Կավաշեն այդ գյուղաքաղաքում ոչինչ չկար, որ աղջկան մղեր դեպի արվեստը, թատրոնը, սակայն այնպես է պատահում, որ Սաֆրազյան ամուսինները ժամանում են Նախիջևան, և Հասմիկը բեմ է բարձարանում նրանց հետ փոքրիկ տղայի մի աննշան դերով:
Ամուսնությունից հետո Հասմիկը տեղափոխվում է Թիֆլիս: Ավանդապահ ամուսինը դեմ էր կնոջ բեմ ելնելուն, բայց ոչ թատրոն հաճախելուն: Ամուսինները լինում էին թատրոնում, և դա բորբոքում էր թատրոնի սերը: 1904թ.-ին Թիֆլիսի Ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալիի, Կեկելի (Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո») դերերը:
 
1906թ.-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից Հասմիկն առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով: Անձնավորման կատարյալ հավաստիությամբ և ներգործության ուժով առանձնացել են Շպպանիկի և Զառնիշանի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի») դերակատարումները, որոնք մեծ համբավ են բերել նրան:
 
Խաղացել է նաև օտար հեղինակների պիեսներում՝ Մադլեն (Օկտավ Միրբոյի «Ժան Ռուլ»), Հաննա (Հալբեի «Հեղեղ»), Իվոլգինա (Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը»), Կնիրտյե (Գերման Հեյերմանսի «Հույսի կործանումը»), Խանումա (Ավքսենտի Ցագարելիի «Խանումա») և այլն: 
 
Հասմիկը 1920թ.-ին Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ, 1921թ.-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Հասմիկը հուզական մեծ ներգործության է հասել հատկապես մայրերի դերերում (Աննա՝ Արմեն Գուլակյանի «Արշալույսին», Շուշան և այլն): 
 
Հասմիկը նպաստել է նաև հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը. խաղացել է մի շարք կինոնկարներում («Նամուս», 1925թ., «Ղուլը», «Չար ոգի», երկուսն էլ՝ 1927թ., «Գիքոր», 1934թ., «Պեպո», 1935թ., «Սևանի ձկնորսները», 1938թ., «Մեր կոլխոզի մարդիկ», 1939թ., և այլն): Գրել է «Թատերական հուշեր» (1947թ.) գիրքը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: