Հանրագիտարան

Ընդունվեց Արմենակ Խանփերյանցին ավիացիայի մարշալի կոչում շնորհելու մասին որոշումը

Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916թ. տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում: 1917թ.-ի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918թ. մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–1920թթ.՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին:
Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը: Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից:
 
Խանփերյանցը 1922թ. ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931-1936թթ.՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: 1936-1941թթ. ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում:
 
Եղել է շտաբի պետ, 1938-1940թթ.՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ: 1940թ. մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին:
 
Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942թ.-ի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից`   խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943թ.-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ:
 
Խուդյակով-Խանփերյանցի հրամանատարությամբ ռազմաօդային միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին: 1943թ. համակարգել է Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների օդուժի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում: 1945թ.-ի փետրվարի 4-11-ը որպես ԽՍՀՄ Գերագույն գլխավոր հրամանատարի`   օդուժի գծով խորհրդական մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների խորհրդաժողովին: 
 
1945թ.-ի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը հեռավոր Արևելքում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945թ.-ի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն:
 
1945թ.-ի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950թ.-ի ապրիլին, գնդակահարվել: Արդարացվել է 1956թ.-ի նոյեմբերին: 1965թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը: 1980թ. ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: