Հանրագիտարան

Հարություն Կալենց

Հայ նկարիչ Հարություն Կալենցը ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում 1910թ. օգոստոսի 18-ին։ Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։
Եղել է 1932թ.-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1939թ.-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի համար արված նրա հարթաքանդակներն արժանացել են պատվո դիպլոմի։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 
 
1946թ.-ին իր տիկնոջ`   նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962թ.), Մոսկվայում (1965թ.)։
 
1966թ.-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967թ.-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
 
Լավագույն գործերից են «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ» կտավները, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: