Հանրագիտարան

Վլադիմիր Մսրյան

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի ասպետ Վլադիմիր Մսրյանը «Նիկոլո Պագանինի» ֆիլմում ստանձնած գլխավոր դերակատարման համար իտալական մամուլի կողմից ճանաչվել է «Բոլոր ժամանակների լավագույն Պագանինի»: Ծնվել է 1938թ.-ի մարտի 12-ին:
Ծնվելով և մեծանալով վաստակավոր դերասաններ Հովհաննես և Արաքսյա Մսրյանների ընտանիքում`   Վլադիմիրը հաճախ էր ներկա լինում Ալավերդի քաղաքում ծնողների հիմնած Պետական բանվորական թատրոնի ներկայացումներին, իսկ երկու տարեկանում փոքրիկ դեր է ստանձնում բեմադրություններից մեկում: Սակայն թատերական մթնոլորտը չէ, որ կանխորոշում է ապագա դերասանի մասնագիտական կողմնորոշումը:
 
Դպրոցում նա հետաքրքրվում էր մաթեմատիկայով և ֆիզիկայով: Հետագայում, երբ պետք է մասնագիտություն ընտրեր, որոշում է դիմել Մոսկվայի ավիացիոն-տեխնիկական ինստիտուտ: Բայց վերջին պահին, հետևելով արյան կանչին, փոխում է որոշումը և մասնակցում Շչեպկինյան թատերական ուսումնարանի ընդունելության քննություններին: Բարեհաջող հանձնում է բոլոր քննությունները, սակայն վերջին հարցազրույցից կտրվում է. դավաճանում է հայկական առոգանությունը:
 
Այն ժամանակ նման ռուսերենով խաղալը «պետական դավադրություն» էր համարվում: Փոխարենը երաշխավորագիր են տալիս, որը նրա առջև բացում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դռները: Ապագա արտիստը Երևանում ևս փայլուն է հանձնում մասնագիտական առարկաները, սակայն հայերենի թելադրությունից 1 է ստանում:
 
Բայց քանի որ այդ տարի թատերական ինստիտուտում շատ թափուր տեղեր կային, իսկ ինստիտուտին դերասաններ էին հարկավոր երկու ամիս ուշացումով Մսրյանն ընդունվում է առաջին կուրս: Ինստիտուտն ավարտելուց հետո Մսրյանը որոշ ժամանակ աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում:
 
Այդ ժամանակաշրջանը նման էր փորձաշրջանի: «Պատանի հանդիսատեսի թատրոնում հասկացա`   ինչ է նշանակում հանդիսատեսի հետ շփումը, զգացի բեմը»: ՊՀԹ-ը դերասանի համար լավ ցատկահարթակ էր: Հետագայում նա, արդեն դերասանական որոշակի փորձ ունենալով, տեղափոխվում է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն:
 
Բայց նրա վերջին հանգրվանը և հոգու տաճարը, ինչպես սիրում էր արտահայտվել Մսրյանը, պիտի դառնար Հրաչյա Ղափլանյանի հիմնած Երևանի դրամատիկական թատրոնը, որին հավատարմորեն ծառայեց մինչև կյանքի վերջին օրերը`   սկսած 1970 թվականից: Կյանքը դերասանին հնարավորություն ընձեռեց խաղալ ոչ միայն բեմում, այլև էկրանին, թեև թատրոնը միշտ էլ մնաց առաջին, անդավաճան սերը: «Խոստովանում եմ`   ինձ համար ավելի հեշտ ու ազատ է խաղալ թատրոնում»,-ասել է դերասանը:
 
Մսրյանը նկարահանվել է ընդհանուր առմամբ 19 ֆիլմում, որոնցից են «Ձայն բարբառո...»-ն, «Հին աստվածներ»-ը, «Լռության սիմֆոնիա»-ն և այլն: Վլադիմիր Մսրյան դերասանին հանդիսատեսն ավելի լավ ճանաչում է թատերական բեմերից, մասնավորապես՝ դրամատիկական թատրոնի: Մսրյանը Դրամատիկականի բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար և այլ կերպարներ։ Մահացել է 2010 թվականի օգոստոսի 24-ին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: