Հանրագիտարան

Տեղի է ունեցել Զեյթունի հերոսական ապստամբությունը

Զեյթունը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:
 
Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը: Այստեղ ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862թ. հրաման է ստանում նվաճել Զեյթունը: 
 
Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր անհրաժեշտ: Որպես պատրվակ նա օգտագործում է հետևյալ միջադեպը`   Զեյթունի հայաբնակ Արեգին գյուղի մի շարք բնակիչներ, իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով, սպանել էին 17 թուրքի:
 
Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել այդ արեգինցիներին: Զեյթունի իշխաններն այս պահանջը մերժում են`   հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»:
 
Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 հոգուց բաղկացած զորք ուներ: Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը`   Ազիզ փաշան հայտարարում է, որ Զեյթունի դեմ արշավանքին իրեն միացողները թալանելու հնարավորություն կստանան: Ազիզ Փաշայի բանակին միանում են արյան և թալանի ծարավ ևս 30.000 թուրք:
 
Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են:
 
Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-ի օգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնական բանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը:
 
Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա: Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց: Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ: Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»: Փախչող թուրքերին զեյթունցիները հետապնդեցին մինչև Զեյհան գետը:
 
Տեղեկանալով Ազիզ փաշայի պարտության մասին`   Օսմանյան կառավարությունը հրամայեց Բելգրադի դահիճ Աշիր փաշային 150.000-անոց բանակի գլուխ անցնել և երկրի երեսից ջնջել հայկական արծվաբույնը: Զեյթունցիները գիտակցում էին, որ նման ահռելի ուժի առջև իրենք անկարող են երկար դիմադրել:
 
Այդ պատճառով նրանք պատվիրակություն ուղարկեցին Կ.Պոլիս: Այն հանդիպեց Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ֆրանսիայի դեսպանին: Վերջինս Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդ-ին հանձնեց զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը:
 
Ֆրանսիան շահագրգռված էր իր տնտեսական վերահսկողությունը հաստատել Կիլիկիայում: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա: Վերջինս ստիպված էր տեղի տալ և դադարեցնել Զեյթունի պաշարումը:
 
1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:
 
1862թ.-ի Զեյթունի ապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփական ուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: