Հանրագիտարան

Ղարսը վերադարձվեց Թուրքիային

Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-1856թթ.-ին Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը`   ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների գրաված ռուսական մյուս քաղաքների:
XIXդ.-ի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը, պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքն ազդեցության ոլորտների բաժանելու հարցում, հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։
 
Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի`   Նիկոլայ 1-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ ռուսական վերջնագրի մերժումը։ 1853թ.-ի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։
 
Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։
 
Թուրքական գլխավոր ուժերը Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ, սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Թուրքերի 18 հազարանոց ջոկատը փորձեց շարժվել դեպի Թիֆլիս, սակայն նոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատը ջախջախեց այն։
 
Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը ջարդեցին թուրքական ուժը Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։
 
Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854թ.-ի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց:
 
1855թ.-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սևաստոպոլից շեղելու ռուս հրամանատարության փորձերը հաջողություն չունեցան։
 
Թշնամու տեխնիկական և թվային գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը: Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։
 
1877-1878թթ.-ին`   ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածից: Մյուս հոդվածները վերաբերում են Դանուբյան իշխանությունների, Մոլդավիայի ու Վալախիայի նոր ռեժիմին, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: