Հանրագիտարան

Ալեքսանդր Սոլժենիցին

Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (1918թ., դեկտեմբերի 11 - 2008թ., օգոստոսի 3), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970թ.)։ Ալեքսանդր Սոլժենիցինը 1924թ.-ին մոր հետ (հայրը զոհվել էր նրա ծննդից առաջ) Կիսլովոդսկից տեղափոխվել է Դոնի Ռոստով: 1941թ.-ին ավարտել է տեղի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը: Զուգահեռաբար 1939թ.-ին ընդունվել է նաև Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի հեռակա բաժինը:
1940թ. ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։ Պատերազմի տարիներին Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում ամուսիններն զբաղվել են մանկավարժությամբ։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։
 
Այնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942թ. եղել է ռազմաճակատում`   Օրյոլից հասելով մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։ Լենինին «Վովկա», իսկ Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945թ. և աքսորվում 8 տարով։
 
1952թ. աքսորավայրում ակտիվ մասնակցում է աքսորյալների կազմակերպած խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է անդրադարձել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով`   ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։
 
1956թ. արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով և տեղի դպրոցներում դասավանդել է ֆիզիկա։ 1959թ. ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը,  իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։
 
Այդ ամենից ոգևորված`   Սոլժենիցինը գրում է իր գլուխգործոցը`   «Գուլագ արխիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի իսկական գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։ Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ և ունենում են երեք տղա։
 
Ուշագրավ է, որ չունենալով խորհրդային երկրի քաղաքացիություն, նրան իր ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռաստրոպովիչը։ 1970թ. Սոլժենիցինը գրականության գծով արժանանում է Նոբելյան մրցանակի։
 
1973թ. Փարիզում լույս է տեսնում Սոլժենիցինի «Գուլագ արխիպելագը»`   մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974թ. Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976թ. ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։
 
1978թ. Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։ Եվ միայն 1889թ. «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արխիպելագը»։ 1990թ. աքսորականը նորից ստանում է խորհրդային քաղաքացիություն։
 
1994թ. գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998թ. դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: