Հանրագիտարան

Տեղի ունեցավ ռուսական զորքերի երևանյան երկրորդ արշավանքը

1806թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմն ստիպել է ռուսական հրամանատարությանը ժամանակավոր զինադադար կնքել Պարսկաստանի հետ, սակայն հաշտության բանակցություններն ընթացել են շատ դանդաղ: 1808թ. ռազմական գործողությունները վերսկսվել են:
1808թ.-ի սեպտեմբերին Գուդովիչն արշավել է Երևան: Սեպտեմբերի 29-ին Աշտարակի մոտ ջախջախել է Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի 4 հազարանոց հեծելազորը, սեպտեմբերի 30-ին գրավել է Էջմիածինը, հոկտեմբերի 9-ին պաշարել Երևանի բերդը:
 
Հոկտեմբերի 28-ին գեներալ Նեբոլսինի զորաջոկատը Ղարաբաբայի մատույցներում պարտության է մատնել Աբբաս Միրզային և հոկտեմբերի 1-ին գրավել Նախիջևանը՝ պարսիկներին զրկելով պաշարված Երևանի բերդին օգնություն ցույց տալու հնարավորությունից:
 
Երևանի բերդի երկրորդ պաշարումն ու գրոհը, սակայն, նույնպես ավարտվել են անհաջող: Նոյեմբերի 30-ին Գուդովիչը նահանջել է, իսկ դեկտեմբերի 1-ին Նեբոլսինը թողել է Նախիջևանը: Գուդովիչին փոխարինած գեներալ Ալեքսանդր Տորմասովը վերսկսել է հաշտության բանակցությունները:
 
Պարսկական զորքերը, սակայն, Ֆաթհ Ալի շահի հրամանատարությամբ անսպասելի ներխուժել են Գյումրի-Արթիկի շրջանը: Ռուսական զորքերը հետ են մղել շահի զորքերի հարձակումը և խափանել 1809թ.-ի օգոստոսին Գյանջան գրավելու Աբբաս Միրզայի փորձը: Ձախողվել է նաև Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի՝ Ախալցխայում թուրքերին միանալու և միասին Վրաստան ներխուժելու փորձը:
 
1812թ. փետրվարին նոր գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռտիշչևը վերսկսել է հաշտության բանակցությունները Պարսկաստանի հետ, բայց 1812թ.-ի օգոստոսին Աբբաս Միրզայի 20 հազարանոց բանակը մտել է Թալիշ, գրավել Լենքորանը: Բանակցություններն ընդհատվել են, երբ Թեհրանում տեղեկացել են, որ Նապոլոեոն I-ը գրավել է Մոսկվան:
 
Գեներալ Պյոտր Կոտլյարևսկին, անցնելով Արաքս գետը, հոկտեմբերի 19-20-ն Ասլանդուզի մոտ ջախջախել է պարսկական 30 հազարանոց բանակը, իսկ 1813թ.-ի հունվարի 11-ին գրավել է Լենքորանը: Ֆաթհ Ալի շահն ստիպված էր հաշտություն կնքել:
 
1813թ.-ի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում ստորագրված պայմանագրով Պարսկաստանը հրաժարվել է Արևելյան Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Թալիշի խանություններից: Հայաստանից Ռուսաստանին են անցել Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: