Հանրագիտարան

Վենետիկում բացվեց Մխիթարյանների Ռաֆայելյան վարժարանը

1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ`   Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքում հիմնեցին Մուրադի անունով Մուրադյան վարժարան, իսկ 1836 թվականին Վենետիկի պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող պալատը:
Խուսափելով Իտալիայում տիրող Ավստրիական կայսրության ճնշումներից`   Մուրադյան վարժարանը շուտով տեղափոխվում է Փարիզ, որտեղ մնում է մինչև 1870թ.: Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով վարժարանը դարձյալ տեղափոխվում է Իտալիա`   Վենետիկ և, միանալով Ռաֆայելյան վարժարանին, ստանում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարան անվանումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1950 թվականին: 
 
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը հանդիսանում է Վենետիկի միաբանության գիտակրթական կենտրոններից մեկը: Այն իր մեծարժեք քանդակներով և պատկերազարդ կտավներով, ինչպես նաև պատերի որմնանկարներով հանդիսանում է յուրահատուկ թանգարան: Վարժարանը գրեթե ամբողջովին զարդարված է թանկարժեք աշխատություններով, որոնց մեծ մասը ճարտարապետական և գեղանկարչության արվեստի գլուխգործոցներ են: Այն առաջնակարգ դեր է խաղում հայ մշակույթի պատմության մեջ: 
 
Սկզբնական շրջանում Մուրատ-Ռաֆայելյան վարաժարանը առաջնորդվում էր գիմնազիական ծրագրերով, ուներ 6-ամյա դասընթաց, որոշ աղբյուրներում նշվում է նաև 5-ամյա կրթությունը`   երկու միջնակարգ և երեք բարձրագույն դասարաններով: 1867-ին Ֆրանսիայի, 1879-ին Իտալիայի կառավարությունները Մուրատ-Ռաֆայելյան վարժարանին օժտում են լիցեյական իրավունքներով: 
 
Այն գիշերօթիկ էր, որտեղ սովորում էր մոտավորապես 120 սան, որոնցից 45ը`   անվճար: Այստեղ լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայական: Այդ վկայականների շնորհիվ ուսանողները իրավունք էին ստանում առանց մուտքի քննությունների ուսանել Եվրոպայի և մի շարք այլ երկրների համալսարաննեում: Վարժարանի տեսչությունը հոգացել է նաև իր սաների բոլոր կարիքները, միաժամանակ իրեն իրավունք վերապահել վարժարանից հեռացնել ուսումնական և կարգապահության պահանջները չկատարողներին:
 
Վարժարանը հետևել է Մխիթարյան հայերի ավանդույթներին, այն է`   օտար ափերում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը, զարգացնել հայագիտությունը և փոխանցել սերնդեսերունդ: Աշակերտները ուսանել են հայոց լեզու նաև գրաբար, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև օտար լեզու`    իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Վարժարանում գործել են նվագախումբ և թատերախումբ: 
 
Աշակերտների հիմնական նպատակը հենց իրենց վարպետներից ուղղություն առնելն էր, որը հենց ակնհայտ ձևով դրսևորվում էր Մուրատ-Ռափայելյան վարժարանում:
 
Բարեհիշատակ բարերարները Մուրատ-Ռափայելյան վարժարանի կրթական գործունեությամբ կարողացան հասնել իրենց նպատակին`   Մխիթարյանների գործունեությամբ ոգեշնչված  աշակերտները համայն հայության մեջ մամուլով, թատերական գործունեությամբ տարածեցին հայ միտքն ու շունչը: Այդ նպատակին ծառայեց ընկերությունը, որը մի քանի տարիների ընթացքում մեծ բարեշրջում կատարեց: Տասնյակ տարիների ընթացքում Մխիթարյան միաբանության մեջ ուսուցանած և Մուրատ-Ռափայելյան վարժարանում ավարտած սաները ապացույցը եղան իրենց վանական դաստիարակների կրթական զարթոնքի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: