Հանրագիտարան

Իր դռները բացեց Դիսնեյլենդ զբոսայգին

1955թ. հուլիսի 17-ին Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում տեղի ունեցավ Դիսնեյլենդ զբոսայգու բացումը: Դժվար է պատկերացնել մեկին, որը ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին: Դրանց հեղինակը հանրաճանաչ ամերիկացի կինոռեժիսոր Ուոլթ Դիսնեյն է:
Նա սովորել է Չիկագոյի Գեղարվեստի ակադեմիայում, ապա աշխատել է որպես նկարիչ: Այնուհետև նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսներից են Ալիսը և Օսվալդը:
 
Դիսնեյը 1928թ.-ից նկարահանել է հնչուն մուլտֆիլմեր Միքի մկնիկի և Դոնալդ բադիկի մասին, ապա լիամետրաժ`   «Երեք խոզուկներ» (1933թ.), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1938թ.), «Պինոքիո» (1939թ.), «Բեմբի» (1942թ.), «Ալիսը հրաշքների աշխարհում» (1951թ.), «Քնած գեղեցկուհին» (1958թ.) և այլն: 
 
1955թ. Դիսնեյը որոշել է Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում հիմնել զբոսայգի և այնտեղ «բնակեցնել» իր մուլտֆիլմերի հերոսներին: Այդպես է ստեղծվել հռչակավոր Դիսնեյլենդը, որտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը:
 
Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի (Իտալիա) ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ վայրեր ու կառույցներ:
 
Դեպի արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը (Հնդկաստան), բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն: Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը: Դիսնեյլենդներ կան նաև աշխարհի մի շարք այլ քաղաքներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: