Հանրագիտարան

Սկսվել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը

1826թ.-ի հուլիսի 16-ին սկսվել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը: Պարսկաստանը չէր հաշտվում Անդրկովկասի իր տարածքները Ռուսաստանին հանձնելու իրողության հետ: Անգլիայի դրդումով նա ձգտում էր վերադարձնել կորցրած տարածքները: Մյուս կողմից Ռուսաստանը ջանում էր ամրապնդել դիրքերն Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում:
Դեկաբրիստների ապստամբությունից հետո անգլիական գործակալները լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում գահակալական կռիվներ ու խառնակություն է սկսվել: Նրանք շահին համոզում էին, որ զորքը ապստամբել է, չի ենթարկվում թագավորին, ուստի ամենահարմար ժամանակն է ռուսներին Անդրկովկասից վտարելու կորցրած տարածքները հետ վերադարձնելու համար:
 
Պարսկական 60 հազարանոց բանակը, թագաժառանգ Աբբաս-Միրզայի գլխավորությամբ 1826թ. հուլիսին խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի սահմանները: Երևանի Հուսեյն խանի զորքերը հանկարծակի հարձակումով ներխուժեցին Շիրակի և Փամբակի սահմանները: 
 
Պարսկական զորքերը հուլիսի վերջին պաշարեցին Ղարաբաղի Շուշիի բերդը: Բերդի 1700 հոգանոց կայազորը և այնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմեցին ինքնապաշտպանության: Պարսիկներն անգլիական մասնագետների գլխավորությամբ ականապատեցին բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհեցին, բայց հաջողության չհասան: Բերդի կայազորի պետ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ ռուս զինվորները և հայերը տոկունությամբ դիմադրում էին: 
 
Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ, որոնք խիզախորեն մարտնչում էին թշնամու դեմ: Լոռի-Փամբակում քաջաբար կռվում էր Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը, իսկ Ղազախ-Շամշադինում, Դիլիջանում հակառակորդի դեմ սրընթաց գրոհներ էր կատարում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի հեծյալ ջոկատը: Նա պարտիզանական համարձակ հարձակումներով գերությունից ազատեց հարյուրավոր ընտանիքների:
 
Հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը 1828թ. սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասը: Նույն ամսին Գանձակի ճակատամարտում ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան: Հետապնդելով թշնամուն՝ նրանք հոկտեմբերին ազատագրեցին ամբողջ Ղարաբաղը:
 
Այսպիսով, 1826թ. ամռանը պարսիկների ունեցած հաջողությունները կարճատև եղան: Նույն տարվա աշնանը ռուսական զորքերը տեղի բնակչության աջակցությամբ պաշտպանությունից անցան հարձակման և թշնամուն դուրս քշեցին ռուսական սահմաններից: Դրանով ավարտվեց պատերազմի առաջին փուլը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: