Հանրագիտարան

Հովհաննես Զարիֆյան

Հայ բեմի խոշորագույն դերասանների թվում իր առանձնահատուկ տեղն ունի լայն առումով թատերական գործիչ Հովհաննես Զարիֆյանը (1879թ., Ալեքսանդրապոլ-Գյումրի - 1937թ., Բոստոն):
Զարիֆյանն ինքնատիպ թատերական գործիչ է ՝ դերասանական համակողմանի ընդունակություններով,  ազգային և թարգմանական դրամատուրգիայում մի քանի հարյուրի հասնող կերպարների սքանչելի կատարումներով, կազմակերպչական հմուտ աշխատանքով:
 
Նա սովորել է Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում և մի կարճ շրջան՝ Էջմիածին Գևորգյան ճեմարանում: Կրթության պակասը լրացրել է ինքնակրթությամբ ու աշխատասիրությամբ: Արհեստ սովորելու համար խնամակալ եղբոր հորդորները տեղի են տալիս նրա փախուստին Թիֆլիս, ուր ինքն է կանխորոշել իր զբաղմունքը: 1897-ին նա ոտք է դրել Թիֆլիսի թատրոնի բեմ և ուղիղ քառասուն տարի անմնացորդ նվիրվել նրան:
 
Ադամյանից, Աբելյանից և Փափազյանից հետո Զարիֆյանը չորրորդ շեքսպիրյան հայ դերասանն է, որը հավասարապես հանդես է եկել թե՛ ողբերգություններում, թե՛ կատակերգություններում: Նա խաղացել է Շեքսպիրի վեց պիեսի բեմադրության մեջ՝ կատարելով քսան դեր: Նրա մարմնավորած կերպարներից են Կասիո, Յագո, Օթելլո («Օթելլո»), Գլոստերի կոմս, Էդգար («Արքա Լիր»), Համլետի հոր ուրվականը, Կլավդիոս, Հորացիո, Համլետ («Համլետ»), Մերկուցիո («Ռոմեո և Ջուլիետ»), Անտոնիո («Վենետիկի վաճառականը»), Լուչենցիո, Պետրուչիո («Անսանձի սանձահարումը», ըստ որում, Պետրուչիո է խաղացել իր աղջկա՝ Ցողիկ Զարիֆյանի թարգմանությամբ՝ «Կռվարար կինը» վերնագրով ներկայացման մեջ) և ուրիշներ:
 
Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին նա անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվոր՝ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ: Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ: Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների թվում է եղել Մանվել Մարությանը: Թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջ՝ դերասանուհի Արաքս Զարիֆյանի և փոքրիկ դստեր՝ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը: Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են: Ծանր օրեր է ապրել: Երեք անգամ թաքնվելով՝ փրկվել է սպառնացող մահից: Վ
 
1920-ի օգոստոս-սեպտեմբերին գործել է կանոնավոր խումբ, որի անդամներն են եղել Հ.Աբելյանը, Օ.Մայսուրյանը, Հ. և Մ.Բերոյանները, Մ. և Ս.Գարագաշները և ուրիշներ: Սակայն երկրի քաղաքական և տնտեսական վիճակի վատթարացման պատճառով խումբը քայքայվել է: Երբ 1920-ին թուրքերը նորից են Ալեքսանդրապոլ մտել, Զարիֆյանները (ինչպես նաև Աբելյանն ընտանիքով, Անդրանիկն իր ընտանիքով և ուրիշ դերասան-դերասանուհիներ) Թիֆլիս-Բաթում ճանապարհով անցել են Պոլիս, մի շարք ներկայացումներ տվել և 1921-ին փոխադրվել Ամերիկա:
 
1936-ին՝ Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, բեմականացրել է «Մուսա լեռը» և, բարեբախտաբար, առանց կառավարական արգելքների, անցել բեմադրական աշխատանքների: Այսպիսով, հայ իրականության մեջ, «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937-ի հունվարի 20-ին Բոստոնի դրամատիկ խմբի կողմից: 
 
1937-ի հունիսի 9-ին Զարիֆյանը մեկնել է Բոստոն, միացել ընտանիքին: Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը: Մեկ ամիս անց՝ հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան, հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել:
 
Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում: Հետագայում նրա աշակերտներից մեկը՝ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղել է այդտեղ: Մեծ ճանապարհի եզրին կանգնեցված հուշաքարի մի կողմում՝ խաչքարի վերին մասում, փորագրված է «Հովհաննես Զարիֆյան, ՌՊՀԹ-ՌՋԼԷ», հակառակ կողմում՝ հայերեն և անգլերեն՝ «1879-1937. Հուշարձանս կանգեցրին տաղանդավոր դերասանապետին գործակիցները և բարեկամները»: Նյու Յորքից այդտեղ է բերվել և ամփոփվել նաև Արաքս Զարիֆյանի աճյունը: Ի սեր իր վարպետի նրա կողքին են թաղել և Նշան Սարգիսյանին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: