Հանրագիտարան

Էջմիածնում բացվել է Գևորգյան ճեմարանը

1866թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869թ.-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874թ.-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ, տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն: 1882թ.-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան ճեմարան:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս.Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին:
 
Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888թ.-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական: Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն:
 
Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սբ. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն:
 
1917թ.-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ ճեմարանը դեկտտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը:  
 
1919-20թթ.-ին փորձեր են կատարվել Գևորգյան ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից:
 
XX դ. սկզբին ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուսխորհրդի և տեսչի միջոցով: 1945թ.-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որն ավելի համեստ շրջանակներում, շարունակում էր ճեմարանի ավանդույթները:
 
1995թ. ճեմարանի շենքը`   որպես սեփականություն, վերադարձվել է Մայր աթոռին և 1996-97թթ.-ին հիմնովին վերանորոգվել: 1997-98թթ. ուստարվա շեմին տեղի է ունեցել ճեմարանի վերաբացման հանդիսությունը: 1999թ. սկսած՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ են կատարվել:
 
Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ են մտցվել ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումն ապահովելու համար ճեմարան են հրավիրվել մի քանի մասնագետներ: 2001-2002թթ. ուստարում Գևորգյան հոգևոր ճեմարանն ստացել է բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: