Հանրագիտարան

Տպագրվեց Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց» երկը

Մեսրոպ Մաշտոցի աշակերտ և զինակից, մեծանուն իմաստասեր, հայագիր դպրության սկզբնավորողներից և նվիրյալներից մեկի՝ Եզնիկ Կողբացու կյանքի և գործունեության մասին քիչ բան է մեզ հայտնի: Մոտավոր հաշվարկներով նա ծնվել է 380-ական թվականներին Արարատյան աշխարհի Կողբ գյուղում, որտեղից էլ ստացել է իր մականունը`   Կողբացի: Եզնիկն սկզբից ևեթ հոգևորական է եղել, աշակերտել է իր մեծանուն ուսուցչապետին`   հայոց գրերի արարչին, հմտացել է ինչպես ասորական, այնպես էլ հունական դպրությունների ու լեզուների ուսումնասիրության մեջ: Կողբացին, լինելով ժամանակի ականավոր ուսումնական գործիչներից մեկը, զբաղվել է թարգմանչական ու խմբագրական գործունեությամբ:

Ըստ Կորյունի վկայության՝ հայ դպրության երկու ռահվիրաները`   Մաշտոցն ու Սահակը, պատասխանատու հանձնարարություններով ուղարկում են Եզնիկին ասորական դպրության խոշոր կենտրոն հանդիսացող Եդեսիա քաղաքը, որպեսզի նա, տեղում թարգմանություններ կատարելով, հայերենի վերածի ասորաց հոգևոր հայրերի ավանդույթներն ու վարքագրություններն ամփոփող երկերը:

 

Այդ մասին վկայություններ է թողել նաև պատմահայր Մ. Խորենացին: Եդեսիայում թարգմանական առաքելությունը հաջողությամբ ավարտելուց հետո Կողբացին և նրա զինակից Հովսեփ Պաղնացին անցնում են Կոստանդնուպոլիս, ուր առավել կատարելագործվում են հունարենի և արվեստների ուսումնասիրության մեջ: 

 

Եզնիկ Կողբացին ոչ միայն հմուտ պարսկագետ, հունագետ և ասորագետ էր, այլև՝ եբրայագետ, այլապես նրան չէր հանձնարարվի այնպիսի պատասխանատու մի գործ, որպիսին Աստվածաշնչի հայերեն թարգմանության խմբագրումն էր և համեմատումը`   ասորերեն և հունարեն բնագրերի հետ:

 

Եզնիկ Կողբացու գործունեության բարձրակետը նրա տեսական-փիլիսոփայական երկն է`   «Եղծ աղանդոց» խորագրով, որով նա հայ իրականության մեջ հանդես է գալիս որպես խոշոր տեսաբան և աստվածաբանության կարկառուն մի հեղինակություն: Վերոնշյալ աշխատությունը հեղինակվել է Վարդանանց պատերազմի նախօրյակին, և նրա անհրաժեշտությունը շատ էր զգացվում ու կարևորվում այդ տագնապալից ժամանակաշրջանում:

 

Պետք է հիշել, որ 440-ական թվականների կեսերին և վերջերին Հայաստանում առկա հասարակական-քաղաքական մթնոլորտն այնքան թեժացած ու անհանգստացնող էր, որ հարկավոր էր գաղափարական և հոգևոր առումներով ևս ժողովրդին նախապատրաստել՝ դիմագրավելու ահագնացող վտանգներն ու մարտահրավերները: 

 

Բացի այդ, անկարելի է չմատնանշել այն իրողությունը, որ այդ ժամանակ երկրում աշխուժացել էին նաև ամեն կարգի աղանդներն և քրիստոնեական ուսմունքից խոտորված բազմերանգ ուղղվածությունների կրողներն ու կողմնակիցները: Ուստի անհրաժեշտ էր գաղափարաբանական-փիլիսոփայական բարձր մակարդակով հակահարված տալ և մերկացնել վերջիններիս, ցույց տալ նրանց հոգևոր սնանկությունը և տգիտությունը:

 

Ահա, այս ամենի հաշվառումով ու հանրագումարով ծնվեց, լույս աշխարհ եկավ «Եղծ աղանդոց»-ը, որի հեղինակը նաև ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից էր: Բավական է նշել, որ Եզնիկ Կողբացու անունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է Եղիշեի «Վասն Վարդանա և հայոց պատերազմին» աշխատության էջերում 449 թվականին Աշտիշատի հանրահայտ ժողովին մասնակցած բարձր հոգևորականության այլ ներկայացուցիչների հետ միասին:

 

Անտարակուսելի է, որ «Եղծ աղանդոց»-ը դարձավ հայ ազգային-ազատագրական պայքարի հոգևոր-բարոյական հռչակագիրը: Կողբացին սույն աշխատությունը հեղինակելիս գլխավորապես նպատակ է ունեցել պաշտպանել հայկական ու հայաստանյան հոգևոր-բարոյական իրականության տիրույթները հերձվածողական-աղանդավորական տարբեր կարգի և բնույթի հարձակումներից, այդ պատճառով էլ երկի շարադրանքը գերազանցապես ստացել է հակաճառության և հերքումների բնույթ:

 

Նրա օգտագործած գլխավոր աղբյուրն Աստվածաշունչն է, որից բավական հաճախ է վկայակոչումներ կատարում: Կողբացին հատկապես խիստ ու հետևողական կերպով քննադատում է զրադաշտական կրոնի դոգմաները՝ ցույց տալով զրադաշտականության բոլոր թերի կողմերն ու հակասությունները: Մեծ մտածողը անդրադառնում է հույն իմաստասերների՝ հեթանոսական աստվածների ջատագովական տեսություններին և մանրամասն ցույց է տալիս վերոնշյալ տեսությունների սնանկությունը:

 

Նա խիստ քննադատական հարված է ուղղում զրադաշտական կրոնի երկվության (դուալիզմ) դեմ, քանզի պարսկական կրոնը, ընդունելով չարի և բարու աստվածությունների համատեղ գոյությունը, հանգում էր նաև նյութի ինքնուրույն լինելու ընդունմանը: Իսկ այդ դրույթն արմատապես հակասում էր քրիստոնեական միաստվածության գաղափարին: 

 

Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետևանքներ են ունենում: Ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը, համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր ողջ ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը:

 

Ահա, այս կետում է, որ Կողբացին հանդես է գալիս որպես ճակատագրի բացասական ազդեցությունների դեմ ակտիվ պայքարի նախաձեռնող, որով և վարակում է իր ժամանակակիցներին ու հետագա սերունդներին: Հինգերորդ դարի հայ մեծագույն փիլիսոփա-մտածողի «Եղծ աղանդոց» աշխատությունը հայ սերունդների համար միշտ էլ մնացել է օրակարգային՝ երբեք չխամրելով ու չկորցնելով իր արդիական կենսատու նշանակությունը նաև այսօր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: