Հանրագիտարան

Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խումբը ժամանեց Խորհրդային Հայաստան

1946թ.`   Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իրականացվեց հայերի ամենախոշոր ներգաղթը: Խորհրդային երկիրը Սփյուռքի ողջ հայությանն արտոնեց վերադառնալ ու հաստատվել մայր հայրենիքում: Տասնյակ երկրներում ապաստանած շուրջ մեկ միլիոն հայ այդ օրերին ցանկություն հայտնեց հայրենադարձվել Հայաստան:
Որքան էլ նշանակալից ու բախտորոշ լիներ այդ իրադարձութունը, սակայն, ամեն դեպքում բնական հարց էր ծագելու, թե երկարատև պատերազմից քայքայված ու աղքատ երկիրն ինչպե՞ս էր պատրաստվում ընդունել հազարավոր ընտանիքների և, որ պակաս կարևոր չէր, որտե՞ղ էր պատրաստվում բնակեցնել նրանց: 
 
Եթե ծրագիրն իրագործվեր ամբողջությամբ, ապա Հայաստան կարող էին վերադառնալ ավելի մեծ թվով մարդիկ, քան հանրապետության ողջ բնակչությունն էր: Միամտություն կլինի կարծելը, թե հայրենադարձության հուզական շեշտադրումները կարող էին ստվերել իշխանությունների իրատեսությունն ու սթափ դատողությունը՝ հարուցելով հավելյալ բարդություններ:
 
Թեև այն տարիների մասին ստեղծվել է պատկառելի գրականություն, սակայն հիշյալ հարցերի պատասխանները մինչ այժմ լռությամբ շրջանցվել են: Միայն այսօր արխիվային եզակի վավերագրերի շնորհիվ մենք հնարավորություն ունենք հետևելու դեպքերի անսպասելի զարգացմանը:
 
Եվ այսպես, դառնանք պատմությանը: Դեռևս 1946թ.-ի տարեսկզբից ներգաղթի ծրագրի մասին ոչ միայն խոսվում էր հրապարակավ, այլև ձեռնարկվում էին որոշակի միջոցառումներ: Հանրությանն այդ մասին առավել մանրամասն տեղեկացվեց նույն թվի փետրվարին:
 
Այդ օրերին կայացավ ՍՍՀՄ Գերագույն Սովետի Երևանի ընտրական օկրուգի ընտրողների հանդիպումը Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ: Հենց նրա ելույթն էլ նախատեսված էր բուն խնդրի բազմակողմանի արծարծման և բոլոր փակագծերը բացելու համար:
 
Այդ ելույթի ընդարձակ սղագրության մեջ, որն ընդհանուր առմամբ նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, կան հատվածներ, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան անսպասելի բացահայտումներ:
 
Իր ելույթում հայրենադարձության թեման Գր. Հարությունյանն սկսում էր այսպես. «…Մենք պետք է աչալրջորեն մոտենանք այս հարցին այն իրագործելու ժամանակ: Արտասահմանյան հայերի թիվը մոտ մեկ միլիոն է:
 
Իհարկե, մենք բոլորին չենք կարողանա ընդունել Հայաստանի ներկայիս տերիտորիայում: Ամենաուշադիր հաշվարկումով, նկատի ունենալով մեր ռեսպուբլիկայի արդյունաբերության մեծ զարգացումը, գյուղատնտեսության ուժեղացումը, որը կարող է զբաղեցնել շատ ավելի աշխատող ձեռքեր, մենք առաջիկա տարիներում Հայաստանի ներկայիս տերիտորիայում կարող ենք ընդունել մաքսիմում 350-400 հազար մարդ:
 
Այնինչ ցանկացողներն ավելի շատ են: Մենք ինչպե՞ս պետք է վարվենք մնացածների հետ»: Հարցը հնչեցված էր: Դահլիճը պատասխանի էր սպասում: Կարճ դադարից հետո Հարությունյանն արտասանում է. «Մնացած 500-600 հազար հայերին ընդունելու համար մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»: Դահլիճը դղրդում է ծափահարություններից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: