Հանրագիտարան

Բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը

1838թ.-ի հունիսի 22-ին բացվել է Շուշիի հայոց հոգևոր թեմական դպրոցը: Վերջինս ընդհատումներով գործել է 1838-1920թթ.: Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852թ.-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855թ.-ի նոյեմբերին։ 1860թ. դպրոցը հանձնվում է Շուշիի հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը շուշեցիների խնդրանքով 1863թ. դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, ով այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։
 
Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցն սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»։
 
1877-1878թթ. ուս.տարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը:
 
1903թ.-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905թ.-ի աշնանը։ Այն ավելի բարեկարգ տեսք է ստանում 1908-1910թթ.`   տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920թ.։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: