Հանրագիտարան

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով`   հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
 
Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով։
 
Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`  
1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ`   ընտրված ժամանակահատվածով.
1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.
2) (կետն ուժը կորցրել է 03.10.19 ՀՕ-183-Ն)
3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
6) օտարերկրացիների հետ`   աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.
7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: