Հանրագիտարան

Արտաժամյա աշխատանք թույլատրելու բացառիկ դեպքերը

Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում, եթե`  
1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.
 
2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.
 
3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը.
 
4) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայողին այլ աշխատողով փոխարինելու համար.
 
5) կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ`   առաքման և նշանակման կետերում բեռների կուտակումը և տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար.
 
6) առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:
 
Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին։
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: