Հանրագիտարան

Պարտադիր բժշկական զննություն

Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը`   սահմանված պարբերականությամբ:
Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին: Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում`   պարբերաբար, անցնել բժշկական զննություն`   գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: 
 
Այն աշխատողները, որոնց մասնագիտական ռիսկը պայմանավորված է աշխատանքի ընթացքում վտանգավոր նյութերի օգտագործման հետ, ենթակա են պարբերական բժշկական զննության նաև նույն կազմակերպությունում աշխատատեղը կամ աշխատանքը փոխելու դեպքում: 
 
Բնակչության առողջության պահպանության նպատակով պարբերական բժշկական զննություն պետք է անցնեն սննդարդյունաբերության, առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական և այլ կազմակերպությունների աշխատողները: 
 
Գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում`   պարբերաբար, անցնել բժշկական զննություն`   գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: 
 
Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: 
 
Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ: Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին`   գործատուի միջոցների հաշվին: 
 
Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: