Հանրագիտարան

Աշխատանքային վեճ

Աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ:
Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով`   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 
 
Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են Աշխատանքային օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով: 
 
Աշխատանքային վեճերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն։ 
 
Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային վեճերը կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը նույն հոդվածով սահմանված ժամկետում։ 
 
Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգիրք 263-264 հոդվածներ
 
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: