Հանրագիտարան

Սեզոնային աշխատանք

Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար:
Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:
 
Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`   այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:
 

Ց Ա Ն Կ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 
1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային
ուղիների ձյունամաքրման աշխատանքներ. 
 
2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.
 
3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`  
 
ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,
 
բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,
 
գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,
 
դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.
 
4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ`   տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում. 
 
5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված`   ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.
 
6. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում`   շաքարի արտադրության ժամանակաշրջանում.
 
7. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.
 
8. Գյուղատնտեսական աշխատանքներ`   ներառյալ`  
 
ա) նախացանքային աշխատանքները,
 
բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները,
 
գ) բերքահավաքի աշխատանքները,
 
դ) հետբերքահավաքի աշխատանքները,
 
ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,
 
զ) մատղաշի կերակրումը և խնամքը`   մինչև 4 ամսական հասակը ներառյալ,
 
է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,
 
ը) խուզի կազմակերպումը.
 
9. Տորֆային աշխատանքներ`   ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.
 
10. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.
 
11. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ. 
 
12. Յոդի արդյունաբերության մեջ`   լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.
 
13. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.
 
14. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.
 
15. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.
 
16. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).
 
17. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.
 
18. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.
 
19. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.
 
20. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։
 
 
 
Իրավական հիմքեր.
 
ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ 100 հոդված

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: