Պետական պարգևներ
Դպրոցում գերազանց առաջադիմության համար շատերդ համապատասխան գովասանագրեր եք ստանում, մյուսներդ՝ պատվոգրեր կամ շնորհակալագրեր: Իսկ ահա հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի համար անձը ստանում է պետական պարգև, որը համարվում է խրախուսման բարձրագույն ձև:
Հայաստանի Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են՝
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը,
2. Հայաստանի Հանրապետության շքանշանները
3. Հայաստանի Հանրապետության մեդալները:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է, որը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
Հայաստանի Հանրապետության շքանշաններն են`
1. Հայրենիքի շքանշանը, որը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:
2. Փառքի շքանշանը, որը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
3. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Այս շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։
4. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
Այն ունի երկու աստիճան` 1-ին և 2-րդ, որից բարձրագույնը 1-ին աստիճանն է:
5. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։
6. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
7. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։
8. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
Այն ունի երկու աստիճան` 1-ին և 2-րդ, որից բարձրագույնը 1-ին աստիճանն է:
9. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Հայաստանի Հանրապետության մեդալներն են`
1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։
Մեդալն ունի երկու աստիճան` 1-ին և 2-րդ, որոնցից բարձրագույնը 1-ին աստիճանն է։
3. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։
4. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
5. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար։
6. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։
7. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար։
8. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
9. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:
10. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար։
11. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող այն ծնողներին բազվազավակ (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ։
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր։
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կարող է կատարվել նաև հետմահու։
Իրավական հիմքեր՝
<<ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին>> ՀՀ օրենք
Հոդված 3, 7-27