Հանրագիտարան

Զինապարտի կամ զինծառայողի պիտանիության աստիճանի որոշման կարգը զինվորական ծառայության համար

Բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն: Վերջինս, առնվազն, պետք է ներառի նրա առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը և պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը:

Առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, նշվում են`  

 

1) պիտանի է զինվորական ծառայության համար,

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար,

4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,

7) կարիք ունի բուժման,

8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի,

9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

 

ՀՀ կառավարության որոշմամաբ սահմանված են զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

 

Նշված որոշումը սահմանում է այնպիսի կարգավորումներ ինչպիսիք են օրինակ զորամասի բժշկի կողմից չթույլատրվող ֆիզիկական վարժությունների սահմանում կամ ծառայության որոշակի խնդիրներ կատարելու առումով սահմանափակում, «Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով» բնութագիր, որը ենթադրում է օրվա կրճատ պարապմունքներ և հանգստի ավելի երկար ժամկետ, չի արգելվում պահակային ծառայությունը, ծառայության ընթացքում փորձաքննություն՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, «Հակացուցված է ծառայությունը խոնավ և ցուրտ եղանակային պայմաններում անընդմեջ երկու ամիս և ավելի ժամկետով» բնութագիր, որը վերաբերում է զորանոցային պայմաններից դուրս (ճամբարային հավաքներ, զորավարժություններ, մարտական հերթապահություն և այլն) գտնվելու ժամանակահատվածին և այլն:

 

Իրավական հիմքեր.       

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս։

 

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: