Հանրագիտարան

Ինչպես է հաշվարկվում զինվորական ծառայության ժամկետը

Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը՝ օրացուցային հաշվարկով:

Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`  

● ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը,

● ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը,

 

Ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու, ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:

 

● զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները,

 

● զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտները ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության`   չծառայած ժամկետը շարունակելու։

 

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողը պայմանագրային ծառայությունից հրաժարվելու դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության`   չծառայած ժամկետը շարունակելու։

 

Օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը նույնպես չի հաշվարկվում զինծառայողի ծառայության ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած և ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից պայմանագրից հրաժարվելու դեպքում ամսական արձակուրդում գտնվելու օրերը չեն հաշվառվում զինվորական ծառայության ժամկետում։

 

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ բուհ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնառություն անցած կամ անցնող զինծառայողների համար ծագում է նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: