Հանրագիտարան

Հավելված 4․ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է

1) բուժման կարիք ունենալու,
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

 

Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ`   մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ`   երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Վերոնշյալ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված և պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության`   հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի`   ընդհանուր հիմունքներով:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-4 մասեր։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: