Հանրագիտարան

Կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակներում գտնվող զինծառայողի իրավունքները

Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս՝ ոչ ավելի, քան 7 օր՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:

Կասկածյալ է այն անձը,

1) ով ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով (տե՛ս հավելված 10),

2) ում նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

 

Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո`   24 ժամվա ընթացքում:

 

Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ: Մեղադրյալ է այն անձը, ում նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իրենց իրավունքը:

 

Կասկածյալի և մեղադրյալի կողմից իրենց իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրանց և նրանց համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Կասկածյալի և մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իրենց տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նրանք հայտարարել են հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

 

Իրավական հիմքեր.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր,

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասեր,

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մաս,

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մաս,

5. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին, 3-րդ։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: