Հանրագիտարան

Կարգապահական տույժ

Զինվորական կարգապահության կանոնների խախտման համար օրենքով նախատեսված են կարգապահական տույժեր: Կարգապահական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է իրավախախտում կատարած անձին զինվորական ծառայության կանոնագրքերի պահանջները պահպանելու ոգով դաստիարակելու և նոր իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով:

Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժը պետք է համապատասխանի կարգապահական խախտման ծանրությանը և զինծառայողի մեղքի աստիճանին:

 

Զինծառայողին նույն կարգապահական խախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է 6 ամիս:

 

Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, ինչպես նաև հրամանատարի (պետի) կողմից որոշված այլ դեպքերում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն։

 

Զինծառայողը, որի նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաև մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ`   ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու: Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկելու ըստ վերադասության:

 

Իրավական հիմքեր.

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 22-րդ, 27-րդ հոդվածներ

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: