Հանրագիտարան

Վերադասի հրամանի բողոքարկման կարգը

Զինծառայողին տրվող բանավոր կամ գրավոր հրամանները, ցուցումները պետք է համապատասխանեն հրամաններ կամ ցուցումներ տվողի լիազորությունների սահմաններին, ինչպես նաև համապատասխանեն դրանք կատարողի լիազորությունների սահմաններին:

Անկախ հրամանի օրինական կամ անօրինական լինելուց, ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել պետի հրամանները: Հրամանը կատարելուց հետո միայն նա կարող է բողոքել, եթե կարծում է, որ իր նկատմամբ ճիշտ չեն վարվել կամ համաձայն չէ հրամանի հետ:

 

Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:

 

Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը:

 

Զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով, ինչպես նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու նպատակով, զինծառայողն իրավունք ունի վերադաս հրամանատարներին զեկուցագիր ներկայացնել: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կարող է բողոքարկել տույժի մասին իրեն հայտարարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

 

Զեկուցագիր ներկայացրած զինծառայողի նկատմամբ անօրինական կամ անարդար գործողություններ կատարած կամ անգործություն թույլ տված հրամանատարը ենթակա է օրենքով նախատեսված պատասխանատվության:

 

Արգելվում է զինծառայողի կողմից զեկուցագիր ներկայացնելուն խոչընդոտելը, դրա համար պատժելը, նրա պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելը կամ այլ անարդարացի վերաբերմունքի դրսևորումը։ Արգելվում է նաև խոչընդոտելն իր խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանությունն ամբողջ ծավալով իրականացմանը:

 

Զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է զեկուցագիր ներկայացրած զինծառայողին`   նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք համարվող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև պարզաբանելով մերժումը բողոքարկելու կարգը:

 

Իրավական հիմքեր.

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 46-րդ, 47-րդ հոդվածներ,

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետեր։

 

 

Այս բաժնի հոդվածները կազմվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից մշակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցի հիման վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: