Հանրագիտարան

Րյունոսկե Ակուտագավա

Ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական Րյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականի մարտի 1-ին կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Րյունոսկե անունը (անվան առաջին հիերոգլիֆը՝ 龍, նշանակում է «վիշապ»)։

Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը (քեռին)`   Միտիակի Ակուտագավան, ով երեխաներ չուներ (հենց նրա ազգանունն է կրում Րյունոսկեն հետագայում): Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր, և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին: Րյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության և հին դարերի նկարչության հետ:

 

1913 թ.-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետի անգլիական գրականության բաժինը: Սովորելու տարիներին ընկերների հետ միասին թողարկում է «Սինսետե» գրական թերթը։ Այդ թերթում էլ տպագրվում իր առաջին պատմվածքը՝ «Ծերունին» (1914 թ․)։

 

Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները» (1915 թ․), «Քիթ» (1916 թ․), «Դժոխքի տանջանքները» (1918 թ․) պատմվածքները։ Երիտասարդ տարիքում նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունենում ճապոնական Մեյձի շրջանի գրողներ Նացումո Սոսեկին և Մորի Օհայը, ինչպես նաև հայտնի գրողներ Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ֆեոդոր Դոստոևսկին, Յուհան Ստրինդբերգը և ուրիշներ։

 

1916 թ․-ից Ակուտագավան անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ 1919 թ․-ին աշխատանքի է անցնում «Օսակա մայնիտի սիմբուն» թերթում։ 1921 թ.-ին որպես հատուկ թղթակից նրան չորս ամսով գործուղում են Չինաստան: Չինաստանում աշխատած տարիներին նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը վատթարանում է։ Ճապոնիա վերադառանալուց նա տառապում էր անքնությամբ։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։

 

Չնայած առողջական վատ վիճակին՝ նա այդ տարիներին է գրում իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Բաժակի մեջ» պատմվածքը (1922 թ․), որի հիման վրա ճապոնացի հայտնի ռեժիսոր Ակիրա Կուրոսավան 1950 թ. նկարահանել է «Ռասյոմոն» ֆիլմը Տոսիրո Միֆունեի գլխավոր դերակատարմամբ, որն արժանացել է բազմաթիվ մրցանակերի, այդ թվում՝ Օսկարի՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար: Այդ ստեղծագործությունից հետո նրա ստեղծագործության ոճը կարելի է ասել փոխվում է, նրա գրվածքները դառնում են ավելի լակոնիկ և պարզ։

 

20-ական թթ.-ին Ակուտագավան գրում է ինքնակենսագրական ոճի երկեր, որոնցից է «Իմ մասին այն տարիներին» պատմվածքը։ Հաջորդ աշխատանքներից է «Պիգմեյի խոսքերը» (1923-1926 թթ․) աֆորիզմների և տարբեր թեմաներով էսսեների հավաքածուն, որտեղ Ակուտագավան իր մասին գրում է. «Ես խիղճ չունեմ. ես ունեմ միայն նյարդեր»: Ինքնակենսագրական «Ատամնավոր անիվներ» ստեղծագործության մեջ նկարագրում է իր հալյուցինացիները (տեսիլք)։

 

Կյանքի վերջին տարիները Ակուտագավան ունենում է ծանր նյարդային ապրումներ։ Նրան հետապնդում են ինքնասպանության մասին մտքեր, ինչի մասին գրված է նրա «Ապուշի կյանքը», «Ատամնավոր անիվներ» և «Նամակներ հին ընկերոջը» գրվածքներում։

 

1927 թ.-ի հուլիսի 24-ին նա ինքնասպան է լինում՝ ընդունելով «Բարբիտալ» դեղամիջոցի մեծ քանակություն։ 1935 թ․-ին Ճապոնիայում սահմանվել է Րյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ։

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: