Հանրագիտարան

Սուսաննա Հարությունյան

Հայ արձակագիր Սուսաննա Հարությունյանը ծնվել է 1963 թ․-ի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։

Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թ․-ին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է «Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։

 

2010 թ․-ին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Դրանք տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում։

 

2012 թ․-ին «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայարան» ակումբը և համնանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․-ին «Կայարան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը հիմնել և անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն։

 

Սուսաննա Հարությունյանը հեղինակել է «Հավերժությունը», «Դարավերջի երկուշաբթին», «Լուրեր կյանքից», «Ժառանգաբար փոխանցվող գարուն», «Խոսքը աշնան մասին է», «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի», «Խմբանկար մեռյալներով և անմահներով» երկերը և «Ագռավները Նոյից առաջ», «Անհաշտ վեպեր», «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուները։

 

Սուսաննա Հարությունյանը «Լուրեր կյանքից» ժողովածուի համար 2006 թ․-ին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի, 2008 թ․-ին «Խոսքը աշնան մասին է» ժողովածուի համար, իսկ 2016 թ․-ին «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար՝ Հայաստանի գրողների միության Դերենիկ դեմիրճյանի անվան մրցանակի, 2016 թ․-ին «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար՝ ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի։ 2014 թ․-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: