Հանրագիտարան

Երվանդ Օտյան

Արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1869 թ.-ի սեպտեմբերի 19-ին Պոլսում։

Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»։ Ստեղծել է սոցիալական և քաղաքական երգիծանքի փայլուն երկեր:

 

Երվանդ Օտյանը 1882 թ.-ին ընդունվել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։

 

Օտյանի ստեղծագործությունները մամուլում տպագրվել են 1887 թ․-ից։ Այնուհետև Ա․ Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-1895 թթ․), ապա՝ խմբագրի (1896 թ․) պաշտոնը։ Նույն թերթում առաջին անգամ հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նահատակ» (1892 թ․), «Վաշխառուն» (1893 թ․, 2-րդ հրտ․՝ 1956 թ․), «Կաղանդի վիպակ» (1895 թ․) և երգիծավեպով՝ «Գործ եփող մը» (1895 թ․, հետագայում՝ «Միջնորդ տեր պապան»)։

 

1879 թ.-ին հորեղբոր՝ Գրիգոր Օտյանի նախաձեռնությամբ իննամսյա ուղևորություն է կատարում Եվրոպայում։ Լինում է Փարիզում, Վիշիում, Հռոմում, Նեապոլում և այլ քաղաքներում։ Օտյանի անունը եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում։ 1896 թ.-ի օգոստոսին, երբ Կ․ Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից։ Օտյանը եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում։

 

1908 թ.-ին երիտթուրքական հեղափոխությունից հետո Օտյանը վերադարձել է Կ․ Պոլիս։ 1915 թ.-ին Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918 թ.-ին կրկին եկել է Կ․ Պոլիս, այնուհետև՝ 1922 թ.-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924 թ.-ին՝ Տրիպոլի, 1925 թ.-ին՝ Կահիրե, որտեղ էլ վախճանվել է քաղցկեղից։ Թաղված է Մար Մինա գերեզմանատանը։ Օտյանը հանդես է եկել նաև Ս. Ժիրայր, Երօտ, Վահրամ, Դեր-Կոմս ծածկանուններով։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: