Հանրագիտարան

Օգյուստ Ռոդեն

Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը (1840թ., նոյեմբերի 12, Փարիզ - 1917թ., նոյեմբերի 17, Մեդոն) 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Չկարողանալով հրաժարվել արվեստից՝ թողնում է եկեղեցին և սկսում նորից զբաղվել քանդակագործությամբ:
1864թ., երբ Ռոդենին մերժում են փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի («Կոտրված քթով մարդը») ցուցադրումը և չեն ընդունում գեղեցիկ արվեստների դպրոցում սովորելու, նա՝ որպես օգնական, աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում:
 
1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստում է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցում է դեկորատիվ քանդակների միջոցով Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից:
 
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ`     Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակներին: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ`     Ռոդենն ստեղծում է իր «Պարտված»-ը (1876-1877թթ.):
 
Այս անգամ ևս նրան անհաջողություն էր սպասում. այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն`     քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանն անվանում է «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է: Ռոդենի մասին արդեն շատերն են սկսում խոսել: Նա դառնում է հանրաճանաչ, պատվերներ ընդունում:
 
Ռոդենը բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում`     Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ՝ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից: Դրանցից շատերը գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: