Հանրագիտարան

Պտղատու ծառերի նեցուկավորում

Բերքի ծանրությունից ծառերի ճյուղերը հաճախ կոտրվում են, որը բացասաբար է անդրադառնում ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարվա բերքի քանակի և որակի վրա:
Երբեմն բերքի ծանրությունից ծառի կմախքային ճյուղերն այն աստիճանի կոտրվածքներ են ստանում, որ ծառն ամբողջությամբ շարքից դուրս է գալիս: Ճյուղեը կախվում են իրար վրա, ստվեր են անում, և դրանից խախտվում է լուսավորության ռեժիմը, պտուղները վառ գույն չեն ունենում:
 
Բացի այդ, նման պայմաններում նպաստավոր պայմաններ են ստեղծվում սնկային հիվանդությունների, վնասատուների զարգացման համար: Պտղաբերող ճյուղերը կոտրվելով`   զրկվում են հաջորդ տարի բերք տալու ունակությունից:
 
Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղ բերքատվության տարիներին նրանց նեցուկավորել: Նեցուկների թիվը որոշում են ստացվող բերքի քանակով: Յուրաքանչյուր 8-10 կգ բերքի համար պահանջվում է մեկ նեցուկ: Դեղձենու, նռնենու, թզենու, սալորենու համար նեցուկների երկարությունը պետք է լինի 2-4 մ, իսկ մնացած տեսակների համար 3-8 մ:
 
Նեցուկները պետք է լինեն ուղիղ, հիմքի մասում 4-5 սմ հաստությամբ: Նեցուկները պատրաստում են հացենուց, հաճարենուց, կաղնուց և այլ ծառատեսակներից: Ծառերը նեցուկավորում են այն ժամանակ, երբ պտուղները հասնում են իրենց խոշորության ½-ին: Դա տեղի է ունենում մոտավորապես հուլիսին, ծիրանենու և դեղձենու համար`   հունիսին:
 
Հասարակ նեցուկավորման համար նեցուկի մի ծայրը պետք է լինի եղանաձև (հաչա), մյուսը`   քիչ սրված: Այդ ծայրով նա տնկվում է հողի մեջ 10-15 սմ խորությամբ, դրա վրա հենում են պտղաբերող ճյուղերը: 
 
Շապելային նեցուկավորումը կիրառում են այն սորտերի համար, որոնք ունեն բրգաձև, դեպի վեր ձգվող սաղարթ: Նեցուկավորման համար վերցնում են մեկ հատ երկար նեցուկ, որն ուղղահայաց կերպով կապում են կենտրոնական ուղեկցողին:
 
Այնուհետև առաջին նեցուկից 40-50 սմ հեռավորության վրա նրան զուգահեռ ամրացնում են երկրորդ նեցուկը, նույն հեռավորությամբ և դիրքով ամրացնում են մյուս նեցուկները, որից հետո դրանք իրար միացնում են հորիզոնական նեցուկներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: