Հանրագիտարան

Ցանք

Ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերն ընկնեն խոնավ հողի մեջ որոշակի խորությամբ, արագ ծլեն, բույսերն ունենան սննդային և խոնավության լավ պայմաններ: Ցանքի որակը մեծ չափով կախված է հողի հիմնական և նախացանքային մշակումից:
Ցանքի ձևը մեծ ազդեցություն է թողնում բերքի քանակի և որակի վրա: Ցանքի ճիշտ ձևի դեպքում սերմնացուն օգտագործվում է խնայողաբար, բույսերի համար ստեղծվում են լավ պայմաններ, հեշտանում է խնամքի աշխատանքների մեքենայացումը:
   
Ցանքի այս կամ այն ձևն ընտրելիս անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել տվյալ բույսի կենսաբանական առանձնահատկությունները և հողային պայմանները: Ելնելով մշակվող բույսի առանձնահատկություններից՝ ցանքը կատարվում է՝
 
- համատարած՝ նեղ շարքերով (ցորեն, գարի, աշորա, վարսակ, խոտաբույսեր և այլն)
- լայն շարքերով (կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն, արևածաղիկ, առանձին հատիկաընդեղեն մշակաբույսեր և այլն ):
 
Կիրառում են համատարած շարային ցանքի հետևյալ ձևերը՝
 
Սովորական շարային ցանքը ամենատարածված ձևն է: Շարքերը լինում են 15 սմ հեռավորությամբ: Նեղաշար ցանքի դեպքում շարքերի հեռավորությունը լինում է 7,5 սմ: Երկար վեգետացիա ունեցող և ջերմությամբ ապահովված վայրերում միևնույն տարածությունից նույն տարում երկրորդ բերք կարելի է ստանալ ամառային ցանքից: 
 
Այսպես օրինակ՝ Արարատյան հարթավայրում հուլիսի առաջին տասնօրյակում՝ գարին կամ ցորենը հնձելուց հետո, արագ կերպով հողը կարելի է նախապատրաստել և ցանել եգիպտացորեն, միամյա խոտաբույսեր և այլ վաղահաս սորտեր: Մինչև աշնանային ցրտահարությունները, այդ բույսերից կարելի է ստանալ ոչ միայն սիլոսային զանգված, այլև բերք:
 
Եթե հողամասի դիրքը թույլ է տալիս, ապա շարքերի ուղղությունը լեռնային պայմաններում պետք է անել հյուսիսից հարավ: Դա լուսային և ջերմային լավ պայմաններ է ստեղծում բույսերի համար: Տաք վայրերում լավ է ցանքը կատարել արևելքից արևմուտք:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: