Հանրագիտարան

Ծառերի բնի խնամքը

Բունը ծառի հիմքն է, նրա վրա են հենվում ծառի բոլոր ճյուղերը: Բնի միջոցով վերևի մասերից օրգանական նյութերը տեղափոխվում են դեպի արմատները և արմատներից ստացված հանքային սննդանյութերը տեղափոխվում են վերերկրյա մասեր: Բունն արմատների և ճյուղերի հետ միասին սննդանյութերի կուտակման պահեստ է:
Ծառերի երկարակեցությունն ապահովելու, որակյալ բերք ստանալու համար անհարժեշտ է բունը խնամել, այն պահել առողջ վիճակում: Երիտասարդ ծառերի բունը սովորաբար լինում է հարթ և կնճռոտվում է, շատ տեսակների կեղևներից  առաջանում է խեժահոսություն: Միջին տարիքի և ծերացած ծառերի բնի վրա հին կեղևը չորանում է: Վերջինս խանգարում է նոր բջիջների զարգացմանը:
 
Ծառերի կեղևներում առաջանում են փոքրիկ ճեղքեր, որոնց մեջ ջուրը կուտակվելով, նպաստում է սնկային հիվանդությունների զարգացմանը: Երբեմն վնասատուները բնակություն են հաստատում այդ ճեղքերում: Ծառերի բներին հաճախ մեծ վնաս են հասցնում կրծող կենդանիները և միջատները:
 
Խիստ չորային կլիմա ունեցող շրջաններում ծառերի բունը վնասվում է նաև արևահարությունից:  Վաղ գարնանը ծառերի բունը մաքրում են չորացած կեղևից: Այդ աշխատանքները պետք է կատարել մառախլապատ օրերին կամ անձրևներից անմիջապես հետո, որովհետև այդ ժամանակ չորացած կեղևը փափկում է:
 
Ծառերի բնի և կմախքային ճյուղերի հիմքի մասերը սպիտակեցնելու համար վերցնում են 20 կգ հանգած կիր և լուծում 100 լ ջրի մեջ, խառնում մինչև ստացվի թանձր հեղուկ: Խառնուրդը խոշոր վրձինով քսում են ծառերի բներին: Բների սպիտակեցումով միաժամանակ պայքարում են վնասատուների, հիվանդություններ և արևահարության դեմ:
 
Եթե ծառերի բնի վրա առաջացել են փչակներ, տարիների ընթացքում ծառի բունn աստիճանաբար քայքայվում է, և փչակները հասնում են շատ մեծ չափերի: Դրանց պատճառով խախտվում է ծառերի արմատների և վերերկրյա մասերի կապը, նվազում է բերքատվությունը:
 
Վերջնական քայքայումից խուսափելու համար մեռած մասերը մաքրում, այնուհետև ախտահում են 1%-անոց ֆորմալինի լուծույթով: Դրանից հետո փչակը պետք է պատել ավազի ու ցեմենտի շաղախով և մեկուսացնել բացասաբար ազդող արտաքին գործոններից:  Երիտասարդ ծառերի բունը ձմռան խիստ ցրտերից պաշտպանելու համար ծածկում, փաթաթում են տարբեր տեսակի ծղոտներով կամ պոլիէթիլենային թաղանթներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: