Հանրագիտարան

Խաղողի վազի կանաչ հատումները

Կանաչ հատումներն էտի աշխատանքների շարունակությունն են: Դրանով ուղղվում են էտի ժամանակ թույլ տրված սխալները: Կանաչ հատումները կատարվում են շվատման, ծերատման, շիվերի կարճացման միջոցով:
Շվատման նպատակն է ավելորդ շիվերի հեռացումով կանոնավորել վազերի բեռնվածությունը շիվերով և ծաղկաբողբոջներով, ուժեղացնել սննդառությունը, նոսրացնել վազերի սաղարթը, բարելավել օդափոխությունը: Նման ձևով պայքար է տարվում հիվանդությունների և վնասատուների դեմ, հեշտանում են քիմիական պայքարի միջոցառումները:
 
Առաջին շվատումը պետք է կատարել, երբ հնարավոր է բերքատու շիվերը տարբերել ոչ բերքատուներից: Եթե վազը ծանրաբեռնված է բերքատու շիվերով, ապա միևնույն հանգույցի բերքատու շիվերից պետք է թողնել միայն լավ զարգացածը, մյուսները՝ հեռացնել:
 
Շիվերով ծանրաբեռնված վազերի վրա հեռացման ենթակա են նաև երկար էտված ճյուղերի վրայի ոչ բերքատու շիվերը կամ դրանցից թույլ աճ ունեցողները: Բերքատու շիվերի լուսավորությունն ու օդափոխությունը բարելավելու նպատակով պետք է հեռացնել ստվեր գոյացնող այն ոչ բերքատու շիվերը, որոնք սաղարթի խտացում են ստեղծում:
 
Սովորաբար չի կարելի հեռացնել փոխարինող ճյուղերի շիվերը, որոնք հաջորդ տարում օգտագործելու են նոր բերքի օղակներ կաղմակերպելու համար: Շվատման ժամանակ անհրաժեշտ է հեռացնել նաև չորուկները, ջարդված ու վազերի վրա կախված շիվերը: Երկրորդ շվատումը պետք է սկսել ծաղկումն ավարտվելուց անմիջապես հետո և վերջացնել 3-4 օրվա ընթացքում:
  
Ծաղկավիժման դեմ պայքարելու համար շիվերի ծերատումը կատարվում է այն սորտերի վազերի վրա, որոնց ողկույզներն ուժեղ ծաղկավիժման հետևանքով նոսր են: Վերջինիս դեմ պայքարելու համար ծերատումը պետք է կատարել, երբ երևում են ծաղկելու առաջին նշանները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: